ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել «Սավչենկոյի պատժամիջոցային ցուցակը» հրապարակելու մասին
ԵԽԽՎ-ն ձայների մեծամասնությամբ բանաձև է ընդունել, որով առաջարկել է ընդունել «Սավչենկոյի պատժամիջոցային ցուցակը»:
РИА Новости-ի հաղորդմամբ` ցուցակում առաջարկվում է ներառել ուկրաինուհի օդաչու Նադեժդա Սավչենկոյի ձերբակալության և դատավճռի կայացման գործում ներգրավված անձանց: Բանաձևում նաև ասվում է, որ ցուցակը պետք է ուժի մեջ մտնի, եթե «Սավչենկոն անհապաղ ազատ չարձակվի»:
ԵԽԽՎ-ն ողջունել է Լիտվայի կողմից ընդունված «Սավչենկոյի ցուցակը», որում ներառվել է 46 մարդ:
Բացի այդ, «Սավչենկոյի ցուցակ» է ստեղծվել Ուկրաինայում: Դրանում 84 մարդու անուն է ներառվել, որոնց թվում են ՌԴ Քննչական հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը, Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, դատախազ Նատալյա Պոկլոնսկայան:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կոչ է արել ԱՄՆ-ին և Եվրոպայի երկրներին միանալ այդ ցուցակին:
Ինչպես հաղորդել էինք նախօրեին` նման ցուցակ պատրաստվում է նաև Էստոնիայում:










