Transparency International-ը ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինին կասկածում է փողերի լվացման համար

16:56 • 22.04.16

Կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով զբաղվող Transparency International միջազգային կազմակերպության ռուսական մասնաճյուղը հրապարակել է Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի բնակարանի մասին նոր հետաքննության արդյունքները, գրում է meduza.io-ն։

 

Հետաքննության արդյունքներով Transparency International-ը դիմել է Խարդախության դեմ պայքարի եվրոպական բյուրոյին, Խոշոր խարդախության դեմ պայքարի Մեծ Բրիտանիայի բաժնին և ռուսական իրավապահ մարմիններին՝ պահանջելով ստուգել բնակարանի ձեռքբերման հանգամանքները՝ միջոցների լվացման առնչությամբ։

 

Հետաքննության մեջ ասվում է, որ 346 քառակուսի մետր տարածքով բնակարանը 2008 թվականին անցել է Minimal Technology բրիտանական ընկերության սեփականությանը, որը 2009 թվականից գլխավորել է Ռոգոզինի որդու բիզնես գործընկեր Պավել Չերենկովը։ 2013 թվականին բնակարանի սեփականատեր է դարձել Լիվի Իսաևը, ով այնուհետև այն փոխանակել է Ռոգոզինի կողմից սեփականաշնորհված տան հետ։ Կազմակերպության տվյալներով՝ բնակարանի արժեքը մոտ 500 միլիոն ռուբլի է:

 

Կազմակերպությունում ենթադրում են, որ բնակարանի իրական սեփականատերը 2008 թվականից եղել է ինքը՝ Դմիտրի Ռոգոզինը՝ այլ անձանց միջոցով, բայց չի ցանկացել այն ցույց տալ ժամանակից շուտ այն պատճառով, որ հույս է ունեցել սեփականաշնորհել ծառայողական անշարժ գույքը: Օրենսդրության համաձայն՝ պաշտոնյան կարող է սեփականաշնորհել ծառայողական բնակարանը միայն այն դեպքում, եթե նա չունի այլ տուն:

 

Բացի խարդախության դեմ պայքարի միջազգային մարմիններից՝ Transparency International-ը նաև դիմել է Ռուսաստանի գլխավոր դատախազությանը, Դաշնային հարկային ծառայությանը, քննչական կոմիտեին և կոռուպցիայի հակազդեցության հարցով նախագահին կից խորհրդի նախագահությանը:

 

Կարող եք կարդալ նաև՝ 

Ռուսաստանը կշարունակի զենք մատակարարել Ադրբեջանին՝ համաձայն պայմանագրերի. Ռոգոզին

 

 

 

Transparency International-ը ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինին կասկածում է փողերի լվացման համար