The Wall Street Journal-ի էջին հայտնված Հայոց ցեղասպանությունը ժխտող գովազդը բողոքի ալիք է առաջացրել. Newsweek

13:59 • 22.04.16

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցից օրեր առաջ The Wall Street Journal թերթում հայտնված ցեղասպանությունը ժխտող գովազդը բողոքի ալիք է բարձրացրել, գրում է Newsweek-ը։

 

Էջի մեջտեղի հատվածում մեծ տառերով գրված է «Ճշմարտություն = խաղաղություն», իսկ էջի վերևում փոքր տառերով գրված է «Դադարեցրե՛ք մեղադրանքները» և նշված է FactCheckArmenia.com կայքը, որտեղ Ցեղասպանության վերաբերյալ ներկայացվում է թուրքական պաշտոնական տեսակետը։ Գովազդում պատկերված է նաև երեք ձեռք՝ մեջտեղում խաղաղության նշանն ու թուրքական դրոշը պատկերող ձեռքը, աջ և ձախ կողմերում էլ Հայաստանի և Ռուսաստանի դրոշները պատկերող ձեռքերը՝ խաչած մատներով։

 

Գովազդի լուսանկարը Twitter-ի իր էջում չորեքշաբթի առավոտյան հրապարակել է Փրինսթոնի համալսարանի քաղաքականության և միջազգային հարաբերությունների դասախոս Գարի Բասը: Հարյուրավոր օգտատերեր տարածել են լուսանկարը, և այն բազմաթիվ արձագանքներ է գտել, որոնց մեծ մասը թերթին մեղադրել են այն տպագրելու համար և հարց հղել, թե արդյոք թերթը կտպագրե՞ր Հոլոքոստին վերաբերող նմանատիպ գովազդ։

 

Ինչպես Facebook-ի իր էջում հայտնել է Չիկագոյում Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովը, նույն գովազդը չորեքշաբթի օրը հայտնվել է նաև Chicago Tribune թերթի էջերում։ Ինչպես նշվում է՝ թերթերի գովազդներին նախորդել են նմանատիպ բովանդակությամբ գովազդային պաստառները Բոստոնի Հայկական ժառանգության զբոսայգու մոտակայքում և Չիկագոյի տարածքում:

 

Արձագանքելով քննադատությանը՝ The Wall Street Journal-ի խոսնակն ասել է, որ թերթն «ընդունում է մեծ քանակությամբ գովազդներ, այդ թվում՝ սադրիչ բովանդակությամբ»։

«Այնտեղ արտահայտված տարբեր տեսակետները պատկանում են գովազդատուներին»,- ասել է թերթի խոսնակը։

 

Ինչպես նշում է լրատվամիջոցը, Fact Check Armenia կայքը, ոչ էլ այդ կայքում նշված Թուրքական պլատֆորմը չեն արձագանքել Newsweek-ին՝ մեկնաբանության համար։

 

Ինչպես հայտնել է Boston Globe-ը, ապրիլի սկզբին Բոստոնի Նորթ Էնդ թաղամասում տեղադրված գովազդային պաստառը հանվել է, իսկ գովազդային վայրի սեփականատեր Clear Channel Outdoor գովազդային կորպորացիայի խոսնակն ասել է, որ «գովազդը սխալմամբ էր տեղադրվել այնտեղ»: Չիկագոյում Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովը Facebook-ում տեղադրված հաղորդագրությունում հայտնել է, որ այդ տարածքում տեղադրված գովազդային պաստառները նույնպես հեռացվել են:

 

Կայքը նշում է, որ նման գովազդներ եղել են նաև նախորդ տարիներին: 2015 թվականին նմանատիպ գովազդ է հայտնվել The Boston Globe թերթում, ինչպես նաև նույն օրերին բաց նամակի տեսքով գովազդային նյութ է հրապարակվել The Washington Post-ում, որը, սակայն, մերժվել է The New York Times-ի կողմից՝ հիմնվելով «մեծ մարդկային ողբերգությունները մերժող գովազդների» դեմ թերթի ուղեցույցի վրա:

 

The Wall Street Journal-ի էջին հայտնված Հայոց ցեղասպանությունը ժխտող գովազդը բողոքի ալիք է առաջացրել. Newsweek