Կես դար Թուրքիայում ապրել է իբրև ծպտյալ հայ, բայց արդեն 6 տարի է ապրիլի 24-ին գալիս է Հայաստան
Դերսիմի հայերի միության նախագահ Միհրան Փրկիչն իր հայ ընկերների հետ արդեն 6-րդ տարին անընդմեջ ապրիլի 24-ին գալիս է Հայաստան ու այցելում Ծիծեռնակաբերդ: Լրագրողների հետ զրույցում վերջինս պատմեց, որ իրենք շուրջ կես դար թաքցրել են իրենց ինքնությունը, քանի որ հայերի նկատմամբ ճնշում կար, բայց արդեն 2010թ-ից ապրում են իբրև հայեր:
«Մենք գիտեինք, որ հայ ենք, բայց չէինք կարողանում ասել, դժվարություններ կային, և մենք Ալլահի հավատքի մեջ ծպտյալ ապրում էինք: Բայց 2010թ-ին ես Թուրքիայի դատարանի միջոցով ապացուցեցի, որ հայ եմ և այդ օրից բոլորը գիտեն, որ ես հայ եմ»,-ասաց նա:
«Այդքան շատ դժվարություններ չեղավ այդ ժամանակ, որովհետև էլի հայեր կային: Հետո հիմնեցինք միությունը և հիմա Դերսիմ-Երևան մշակութային շարժումներ ենք անում, անընդհատ գնում գալիս ենք»,-ասաց նա
Խոսելով Հայաստանում լինելիս ունեցած զգացողությունների մասին՝ Միհրան Փրկիչը նշեց, որ առաջին անգամ 6 տարի առաջ գալով Հայաստան և լինելով իր ժողովրդի մեջ՝ այնպիսի երջանկություն է զգացել, որ դրանից հետո ամեն տարի գալիս է Հայաստան:










