Ինձ համար կարևոր չէ՝ ինչ կասի Օբաման Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որովհետև այն եղել է. Ռուբեն Վարդանյան

23:30 • 24.04.16

Ինձ համար կարևոր չէ՝ ինչ կասի Օբաման կամ մեկ ուրիշը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որովհետև այն եղել է, մենք դա ապրել ենք։


Այս մասին «Ավրորա» մրցանակաբաշխությունից հետո լրագրողների հետ զրույցում, ի պատասխան արտասահմանյան ԶԼՄ-ներից մեկի կողմից հնչեցրած հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի քայլին՝ «ցեղասպանություն» բառը ևս մեկ անգամ չարտաբերելու հետ կապված, պատասխանեց IDeA հիմնադրամի համահիմնադիր, բարերար ու գործարար Ռուբեն Վարդանյանը։

 

«Չեմ ուզում քննադատել Օբամային, բայց մեկ բան ասեմ․անկեղծ ասած ինձ համար կարևոր չէ, թե ինչ կասի կամ չի ասի Օբաման իմ ազգի մասին կամ մեկ ուրիշը... Դա երկու պետության խնդիր է։ Մենք որպես ազգ, որպես ահավոր իրադարձության հետևանքով տուժող ազգ, ասում ենք, որ կենդանի ենք, ուժեղ ենք, չենք մոռանա այն, ինչ տեղի է ունեցել։ Մեզ համար Ցեղասպանությունը եղել է, իմ ընտանիքը սպանվել է, ինձ համար կարևոր չէ՝ ով ինչ է ասում»,- նշեց Ռուբեն Վարդանյանը։

 

Վերջինս նշեց, որ Հայոց ցեղասպանությունն ընդունելը ոչ թե հայերի, այլ՝ թուրքերի համար է։

 

«Սա խնդիր է թուրք ազգի համար։ Եթե Թուրքիան շարունակում է հերքել Ցեղասպանության եղելությունը, այն իրենց համար մեծանում է։ Պատմությունը հերքելն իրենց չի թողնում առաջ գնալ, նրանք թաղված են մնում պատմության մեջ»,- ընդգծեց Վարդանյանը։

 

Գործարարը նկատեց, որ միջազգային հանրությունն էլ պետք է կրկնակի ստանդարտներով չշարժվի․ «Նայեք Հռոմի պապին. նա հայտարարեց, նա քաջ էր, ասաց ճշմարտությունը՝ չմտածելով հետևանքների մասին։ Սա գուցե անձերի խնդիր է։ Ժխտելը Թուրքիային չի օգնում, որ առաջ շարժվեն, սա ակնհայտ է»։


Ինչ վերաբերում է «Ավրորա» մրցանակաբաշխությանը, ապա Վարդանյանը նշեց, որ այն հայերի համար չէ, և ընտրող հանձնաժողովում միայն մեկ հայ ներկայացուցիչ կա՝ Վարդան Գրիգորեանը։


 


 

Ինձ համար կարևոր չէ՝ ինչ կասի Օբաման Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որովհետև այն եղել է. Ռուբեն Վարդանյան