Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այդ հրադադարը պաշտպանվի. Սեյրան Օհանյան

13:47 • 24.04.16

Երեկ լարված է եղել իրավիճակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուսիսային հատվածում՝ Մարտակերտի շրջանում, ականանետներից կրակոցների թիվն ավելացել է: Այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն՝ այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո:


Նա ասաց, թե սահմանին սովորաբար լարվածություն, խախտումներ կամ ոտնձգություններ լինում են հիշարժան օրերին, հանգստյան օրերին, երբ հակառակորդը փորձում է ճշտել մեր զգոնությունը:


Դիտարկմանը, թե հակառակորդը պաշտոնապես հայտարարել է, որ հայկական կողմի տանկ է խոցել, Սեյրան Օհանյանն արձագանքեց. «Դա Ադրբեջանի հերթական բացահայտ սուտն է»:


Հաջորդ հարցին, թե լայնամասշտաբ գործողությունների վերսկսման վտանգ կա՞, Պաշտպանության նախարարը պատասխանեց. «Մենք վերահսկում ենք իրադրությունը, ձեռք է բերված ժամանակավոր հրադադար, որը որ պետք է մեզ հետ տանի 1994 թվականի մայիսի 12-ին ստորագրված եռակողմ հրադադարին: Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այդ հրադադարը պաշտպանվի: Հրադադարի պաշտպանումը, վստահության մթնոլորտի ստեղծումը, միջազգային հետաքննության մեխանիզմների ձևավորումն է, որ հիմք կհանդիսանա հետագայում բանակցային գործընթացում առաջընթաց ունենալ:


Թե ինչ նպատակներ ունի այսօր Ադրբեջանն, իհարկե, մենք այդ ուղղությամբ աշխատում ենք, և հայկական բանակը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակը պատրաստ են ամեն ինչ անել, ետ մղել ցանկացած ոտնձգություն և ապահովվել Արցախի անվտանգությունը»:

Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այդ հրադադարը պաշտպանվի. Սեյրան Օհանյան