Թուրքիայում Էրդողանին քննադատելուց հետո ձերբակալվել է հոլանդացի լրագրողը
Ապրիլի 24-ի առավոտյան հոլանդացի լրագրող է ձերբակալվել Թուրքիայում Twitter սոցիալական ցանցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին քննադատական հրապարակումներից հետո: Այդ մասին հայտնի է դարձել Twitter-ի նրա էջից, գրում է Hurriyet Daily News-ը:
«Ոստիկանությունը դռան առաջ է: Չեմ կատարում»,- գրել է թուրքական ծագմամբ լրագրող Էբրու Ումարը:
Ումարը օրերս Էրդողանին քննադատող հոդված էր գրել հոլանդական Metro պարբերականի համար, որի հատվածները նա այնուհետև տեղադրել է Twitter-ի իր էջում, ինչն էլ հանգեցրել է նրա ձերբակալությանը:
«Ես ազատ չեմ, մենք գնում ենք հիվանդանոց» բժշկական հետազոտության համար մինչև դատախազներին հանդիպելը գրել է նա իր երկրորդ հաղորդագրությունում:
Նիդերլանդների արտգործնախարարությունը Twitter-ի իր էջում հայտնել է, որ սերտ կապի մեջ է Ումարի և «տեղական իշխանությունների» հետ, և որ Ստամբուլում Նիդերլանդների դեսպանատունը «ակտիվորեն ներգրավված է» գործի մեջ, որը գտնվում է իր ուշադրության տակ:
Ումարը պարբերականում գրել է Թուրքիայի և Նիդերլանդների միջև դիվանագիտական վեճի մասին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Նիդեռլանդների դեսպան Կորնելիս վան-Ռիժը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն՝ հոլանդական լրատվամիջոցներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծաղրանկարների հրապարակման վերաբերյալ բացատրություն տալու: Վան-Ռիժն իր հերթին թուրքական իշխանություններին խնդրել է բացատրել նամակի հետ կապված իրադրությունը, որը Ռոտերդամում Թուրքիայի հյուպատոսարանն ուղարկել է Նիդեռնալներում գործող թուրքական կազմակերպություններին: Լրատվամիջոցների տվյալներով՝ այդ նամակով Անկարան կոչ է արել հյուպատոսարանին տեղյակ պահել Թուրքիայի նախագահի հասցեին վիրավորանքների ու բացասական մեկնաբանությունների մասին:










