Ավստրիան Հունգարիայի հետ սահմանին ժամանակավոր հսկողություն է սահմանել

13:45 • 25.04.16

Ավստրիայի ոստիկանները սկսել են տրանսպորտի ստուգումներ անցկացնել Հունգարիայի հետ սահմանին՝ Նիկելսդորֆ սահմանային անցակետում, որտեղ անցած տարի գրանցվել է երկիր փախստականների հոսքի հիմնական մասը։

 

Ինչպես հայտնել է ավստրիական APA լրատվական գործակալությունը, իրավապահ մարմինների աշխատակիցները «ֆիլտրում» են ողջ հոսքը, որը երկիր է մտնում A4 ավտոճանապարհով, որն էլ միացնում է Բուդապեշտը Վիեննայի հետ։


Դեպի Ավստրիա սահմանային անցակետով երթևեկությունն իրականացվում է միայն մեկ գծով, ոստիկանությունը բոլոր բեռնատարներն ուղարկում է ստուգման: Սահմանված միջոցների պատճառով սահմանին արդեն հերթ է ձևավորվել, որը վարորդներից խլում է մոտ մեկ ժամ:


Նիկելսդորֆի հատվածում հսկողության համար նաև ներգրավվել են ավստրիացի զինծառայողները: Ինչպես հայտնել են Բուրգենլանդի ոստիկանությունից, ձեռնարկված միջոցառումները պետք է երաշխավորեն, որպեսզի սահմանի հատումը տեղի ունենա միայն դրա համար նախատեսված կետերում։

Ավստրիան Հունգարիայի հետ սահմանին ժամանակավոր հսկողություն է սահմանել