Բրյուսելում վերաբացվել է մետրոյի այն կայարանը, որտեղ ահաբեկչություն էր տեղի ունեցել
Բրյուսելի մետրոյի կայարանը, որտեղ անցած ամիս 16 մարդ էր զոհվել մահապարտի իրականացրած ահաբեկչության հետևանքով, վերաբացվել է, հայտնում է BBC-ն:
Ռումբը պայթել էր մարտի 22-ի առավոտյան՝ եվրոպական հաստատություններին մոտ գտնվող «Մալբեկ» կայարանում՝ գնացքի վագոնում։ Հարձակմանը նախորդել էին Բրյուսելի օդանավակայանում տեղի ունեցած պայթյունները:
Կայարանում հիշատակի պատ կա, որտեղ մարդիկ կարող են գրառումներ կատարել։
Բրյուսելի հանրային տրանսպորտը կառավարող մարմինը հայտնել է, որ ռազմական և ոստիկանական աշխատակիցները կապահովեն «ողջ համակարգի անվտանգությունը»։
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Բրյուսելի միջազգային օդանավակայանում երկու պայթյուն է տեղի ունեցել, ևս մի պայթյուն է տեղի ունեցել մետրոյի «Մալբեկ» կայարանում՝ վագոնում։ Ահաբեկչությունների հետևանքով, ճգնաժամային կենտրոնի տվյալներով, մահացել է 32 մարդ, 340-ից ավելի մարդ ստացել են վնասվածքներ: Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։










