Միջազգային հանրությունը պետք է ճանաչի ԼՂ անկախությունը, որպեսզի կարողանա կանխել բնակչության էգզիստենցիալ վտանգը. Ֆրանկ Էնգել
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելն այսօր մամուլի ասուլիսին նշեց, որ ապրիլյան դեպքերից հետո եղել է Արցախում, քանի որ գտնում էր, որ անձամբ պետք է խոսեր տեղի իշխանությունների, նախագահի հետ:
«Այս պահին բանակցությունները և քննարկումներն ընդհատված են, քանի որ իրավիճակն է այդպես թելադրում, կարծում եմ, որ պետք է հարցն ավելի սուր դրվի և ԼՂ անկախության ճանաչման մասին խոսվի: Միջազգային հանրությունը պարտավոր է պաշտպանել, քանի որ ապրիլից առաջ էլ, այս պատերազմական գործողություններից հետո էլ, ակնհայտ է, որ Ադրբեջանի նպատակն է ոչնչացնել Ղարաբաղը»,- ասաց նա և նշեց, որ այլևս ոչ ոք որևէ կասկած չպետք է ունենա Ադրբեջանի ագրեսիայի հարցում՝ հաշվի առնելով այն գործողությունները, որոնք նրանք իրականացրին ծեր մարդկանց հետ՝ կտրելով նրանց ականջները, և թե ինչպես են զոհված զինծառայողները կտրած գլուխները պտտում՝ «Իսլամական պետության» ահաբեկիչների ոճով:
«Այս օրերին, երբ նշվում է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը, պետք է հստակ հասկանանք, որ մեկ այլ ցեղասպանություն կարող է նորից գործի դրվել»,- ասաց նա և նշեց, որ այս ամենը հստակ հիմքեր են ստեղծում, որպեսզի միջազգային հանրությունը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
«Միջազգային հանրությունը պետք է ճանաչի անկախությունը, որպեսզի կարողանա կանխել ԼՂ բնակչության էգզիստենցիալ վտանգը»,- ասաց նա:










