Ռուսաստանն ամեն ինչ անում է Ադրբեջանին Մաքսային միության մեջ ներգրավելու համար. ԵԽ պատգամավոր

19:40 • 25.04.16

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելն այսօր մամուլի ասուլիսին նշեց, որ Ռուսաստանի գործելաոճի երկակիությունը ավելի է բարդացնում ԼՂ կարգավորման գործընթացը:


«Եթե ինչ-որ մի կողմ ցանկանում է բարեկամ և ընկեր հանդիսանալ մի կողմի համար, ապա նա չպետք է զենք և զինամթերք վաճառի մյուս կողմին. սա այն է, ինչ-որ անում է Ռուսաստանը հիմա: Շատ տարօրինակ է հնչում. և՛ Լեռնային Ղարաբաղում, և՛ Հայաստանի Հանրապետությունում ինձ անընդհատ մարդիկ ասում են, որ պարբերաբար Ռուսաստանը կրկնում է և հաստատում է, թե մեր կողքին է կանգնած, մեր գործընկերն է, մեր պաշտպանն է, բայց միևնույն ժամանակ հայ զինվորները և բնակչությունը մահանում են հենց ռուսական զենքերից »,-ասաց նա:

 

Ըստ նրա՝ երկակիությունը հենց այն է, որ Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ մի քանի այլ անդամներ էլ կարողանա ներգրավել Մաքսային միության մեջ, և Ադրբեջանն այդ ցանկալի անդամներից մեկն է:

 

Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք Եվրոպան չի՞ կիրառում երկակի ստանդարտներ, նա ասաց, որ դժբախտաբար Եվրոպան ևս կիրառում է երկակի ստանդարտներ:


«Ես երբեք չեմ հասկացել, թե ինչու որոշ պետություններ կարող են և իրավունք ունեն ճանաչված լինելու, ոմանք՝ ոչ, չնայած այն փաստին, որ այդպիսի պահանջ կա տվյալ երկրի բնակչության կողմից»,-հավելեց նա:


 

Ռուսաստանն ամեն ինչ անում է Ադրբեջանին Մաքսային միության մեջ ներգրավելու համար. ԵԽ պատգամավոր