Գերմանիայի ՊՆ-ն հերքում է Թուրքիայում ավիաբազա կառուցելու մտադրությունը
Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հերքել է Թուրքիայում մշտական տեղակայման նպատակով ավիաբազա կառուցելու մասին ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրությունները։ Այդ մասին Sputnik գործակալությանը հայտնել է ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը:
«Գերմանիան մտադիր չէ մշտական տեղակայման նպատակով ավիաբազա կառուցել Թուրքիայում: Գերմանիան օդանավեր է տեղակայել «Ինջիրլիք» ավիաբազայում՝ ԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիայի աշխատանքների շրջանակներում, և մտադիր է ներդրումներ կատարել ավիաբազայի ենթակառուցվածքների մեջ: Ենթակառուցվածքների ուղղությամբ ծրագրերն այժմ համաձայնեցվում են թուրքական իշխանությունների հետ, այդ թվում՝ տարածքների և աշխատանքային սարքավորումների հարցը: Գործընթացը շարունակվում է, դեռ ոչ մի որոշում չի կայացվել»,- ասել է նա:
Ավելի վաղ Spiegel-ը՝ Գերմանիայի ռազմական գերատեսչության ներքին փաստաթղթերի հղումով հաղորդել է, որ Գերմանիայի օդուժը մտադիր է երկարատև պայքար մղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ և այդ պատճառով ցանկանում է Թուրքիայում տեղակայման ենթակառուցվածքներ ստեղծել:
Պարբերականի պնդմամբ՝ գերմանացի զինվորականները մտադիր են «Ինջիրլիք» ավիաբազայի տարածքում մշտական տեղակայման համար սեփական ենթակառուցվածքը կառուցել՝ ներառյալ առկա թռիչքուղու ընդլայնումը, հրամանատարային կետի կառուցումը, զորավարժարանն ու 400 գերմանացի զինծառայողների համար կացարանը։ Բազայում պետք է տեղակայվեն Tornado հետախուզական ինքնաթիռներն ու Գերմանիայի օդուժի լիցքավորիչ ինքնաթիռները։










