Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը վատացել է, նա կորցրել է գիտակցությունը. հայտարարություն (տեսանյութ)
Ապրիլի 24-ին կտրուկ վատացել է մոսկովյան Բուտիրսկայա բանտում գտնվող հայ գործարար Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը: Ճնշման բարձր տատանման պատճառով բարեգործը կորցրել է գիտակցությունը։ Այդ մասին հայտնում է «Ազատություն Լևոն Հայրապետյանին» քաղաքացիական նախաձեռնությունը:
«Մեր աչքի առաջ տեղի է ունենում այն, ինչի մասին մեզ զգուշացնում էին բժիշկներն ու իրավաբանները. առողջական նման վիճակում գտնվող մարդը չի կարող մնալ բանտում: Դա հակասում է բոլոր հիմնարար մարդասիրական օրենքներին»,- ասված է հաղորդագրությունում:
Հայրապետյանն այժմ գտնվում է Բուտիրսկայա բանտի բուժկետում, որտեղ նրա պայմաններն ավելի լավն են, քան խցում, սակայն «դեռ հեռու է լիարժեք բժշկական խնամքից, որը ծայրահեղ անհրաժեշտ է բարեգործին»:
Հաղորդագրությունում նշվում է, որ տարածում է գտնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված դիմումը: Բաց նամակի տակ արդեն իր ստորագրությունն է դրել ավելի քան 100 հազար մարդ։
«Այս հիվանդ մարդը մեծ արժանիքներ ունի ռուսական պետության առաջ: Լինելով ակտիվ քաղաքացի՝ նա ամեն կերպ աջակցել է զարգացման տարբեր ծրագրերի: Հայրապետյանը հսկայական ներդրում ունի ռուս-հայկական բազմակողմ հարաբերությունների ամրապնդման հարցում, նա հարյուրավոր բարեգործական և սոցիալական նախագծերի նախաձեռնող է: Հայրապետյանին հարկավոր է ամենօրյա բժշկական խնամք, նման առողջությամբ նա պարզապես ողջ չի մնա բանտում: Այժմ Հայրապետյանը ծայրահեղ ծանր վիճակում է»,- ասված է նամակում:
Հիշեցնենք, որ մոսկովյան դատարանը հայ ձեռներեց, բարերար Լևոն Հայրապետյանին մեղավոր է ճանաչել 700 000 դոլար գումարի չափով խարդախության համար և դատապարտել է 4 տարվա ազատազրկման՝ ընդհանուր ռեժիմի բանտում։
Հետաքննության և դատարանի վճռի համաձայն` Հայրապետյանը փաստաբան Սերգեյ Անտոնովի հետ միասին Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700 000 դոլար է վերցրել նրա որդու դատավճռի մեղմացմանն աջակցելու խոստումով, սակայն իրականում չի կարողացել ազդել դատավճռի կայացման վրա:
Լևոն Հայրապետյանին ձերբակալել էին 2014-ի հուլիսին` Բաշկիրիայի ջերմաէլեկտրակայանի բաժնետոմսերի յուրացման մասին քրեական գործով:










