Սաակաշվիլին հայտնել է՝ երբ կվերադառնա Վրաստան
Ուկրաինայի Օդեսա շրջանի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին, ով Վրաստանի իշխանությունների կողմից հետախուզման մեջ է գտնվում, խոստացել է հայրենիք վերադառնալ խորհրդարանական ընտրություններից հետո։ Այդ մասին Վրաստանի նախկին առաջնորդն ասել է «Ռուսթավի-2» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Սաակաշվիլին վստահություն է հայտնել, որ իր կողմից ստեղծված «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը կհաղթի խորհրդարանական ընտրություններում, որոնք անցկացվելու են 2016թ. հոկտեմբերին:
«Անրաժեշտ է անցկացնել այդ ընտրությունները, հաղթել, այնուհետև ժամանել և օգնել այն մարդկանց, ովքեր կհաղթեն»,- ասել է նա:
Օդեսայի նահանգապետը նշել է, որ այժմ Վրաստանի քաղաքական կյանքում գոյություն ունի միայն 2 առաջնորդ` նա և նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին։
Միևնույն ժամանակ, Սաակաշվիլին նշել է, որ իր վերադարձը հայրենիք չի նշանակում փախուստ Ուկրաինայից, քանի որ ինքն իր թիմի հետ միասին մտադիր է շարունակել բարեփոխումներն այդ երկրում։










