Պահանջում ենք վերջ տալ ժխտողականությանը և ներողություն խնդրել հայերից. Ստամբուլում ոգեկոչել են Ցեղասպանության զոհերի հիշատակը

10:38 • 25.04.16

Ստամբուլում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, գրում է «Ակօս»-ը։

 

Հավաքվածները Ցեղասպանության զոհերի հիշատակին պաստառներ, կարմիր մոմեր ու կարմիր մեխակներ են բերել։

 

Այս տարի հիշատակի միջոցառումը տեղի է ունեցել Թունել հրապարակում։ Ոստիկանությունն անվտանգության նկատառումներով փակել է տարածքը։ Հիշատակի արարողությանը եկող մարդկանց մեկ առ մեկ ստուգել են։

 

Միջոցառմանը մասնակցել են քաղաքական գործիչներ, մտավորականներ, նշանավոր լրագրող Հրանտ Դինքի ընտանիքի անդամները, Թուրքիայում սպանված հայ զինծառայող Սևակ Բալըքչըի ծնողները (Սևակը սպանվել է 2011 թվականի ապրիլի 24-ին՝ Թուրքիայի Բաթմանի Քոզլուք շրջանում զինծառայության ընթացքում)։

 

«1915 թվականի ապրիլի 24-ն անբուժելի օր է։ 20-րդ դարի վրա խորապես ազդեցություն թողած օրն է։ «Իթթիհաթ վե Թերաքքին» հարյուր հազարավոր հայերի սպանելու ժամանակաշրջանն սկսեց ապրիլի 24-ին։ Այն Անատոլիայի հնագույն ժողովրդի կործանման մեկնարկի օրը եղավ։

 

Բռնության հետևանքով մեկուկես միլիոն հայեր ֆիզիկապես ոչնչացան։  Որքան որ ցեղասպանությունն է սարսափելի հանցագործություն, առերեսման ջանքերի կանխումը, ժխտումն էլ նույնքան հանցանք է։ Պահանջում ենք, որ արդեն և հենց հիմա վերջ տրվի ժխտողականությանը։ Պահանջում ենք, որ պետությունը հայերից ներողություն խնդրի և առերեսվի ցեղասպանությանը»,-ասված է միջոցառման կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ։