Երբ ուշքի եկա, տեսա ամեն ինչ ավերված էր. ավտոբուսի պայթյունից տուժած 15-ամյա Անահիտը պատմում է դեպքի մանրամասները
Երևանի Հալաբյան փողոցում երեկ տեղի ունեցած ավտոբուսի պայթյունից տուժածներից 15-ամյա Անահիտ Միքայելյանը, ով ամենաթեթև վնասվածքներն է ստացել, Tert.am–ին մանրամասներ պատմեց դեպքից։
Նա նշեց, որ դեպքից առաջ որևէ կասկածելի բան չի նկատել. սովորականի նման նստել է 63 համարի երթուղու ավտոբուս՝ վարորդի հետևի նստելատեղում։ Հետո որոշ ժամանակ անց ուժեղ պայթյուն է որոտացել, ինչից հետո ինքը ուշագնաց է եղել։
«Հետո երբ ուշքի եկա, տեսա ամեն ինչ ավերված էր կողքս, տեսա մոտ 25-ամյա մի երիտասարդ տղա կողքս՝ երկու կես եղած»,– ասաց նա՝ ավելացնելով, որ դրանից հետո իրեն իջեցրել են ավտոբուսից և հոսպիտալացրել։
Անահիտը Միքայելյանի բուժող բժիշկն ասաց, որ Անահիտի մոտ ամենաթեթև վնասվածքներն են, և ամենայն հավանականությամբ, վաղը կարող է դուրս գրվել հիվանդանոցից։ Նա նաև տեղեկացրեց, որ տուժածի մոտ առկա է երկու ստորին վերջույթների սալջարդ և երկու ծնկների առջևի մասի քերծվածք։
Բժշկուհին տեղեկացրեց, որ Անահիտ Միքայելյանը նա «կոնտուզիա» է ստացել և լսողության վատացում ունի, ապա ավելացրեց, որ տուժածն ինքնուրույն քայլում և շնչում է, իսկ լսողության խնդիրը կվերականգնվի ժամանակի ընթացքում։










