Բոլիվիայի նախագահը հայրության թեստ է հանձնել
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը ԴՆԹ-ի թեստ է հանձնել իր նախկին քաղաքացիական կնոջ երեխայի հայրությունը պարզելու համար, հայտնում է ТАСС-ը։
Բոլիվիական լրատվամիջոցների տվյալներով՝ երկրի նախագահը կատարել է դատարանի որոշումը և հանձնել է անհրաժեշտ թեստը Բոլիվիայի գլխավոր դատախազությանը կից դատահետազոտական իսնտիտուտում:
Մորալեսի նախկին քաղաքացիական կինը՝ Գաբրիելա Սապատան, իր հերթին հրաժարվել է թեստ հանձնել։ Նրա փաստաբան Էդուարդո Լեոնի խոսքով՝ իր պաշտպանյալը թեստ կհանձնի միայն նախագահի և իր ենթադրյալ որդու ներկայությամբ։
Փետրվարի վերջին լրագրողները մեղադրել էին երկրի նախագահին, որ նա նպաստել է իր նախկին քաղաքացիական կնոջ նշանակմանը չինական ընկերությունում ղեկավար պաշտոնի, որի հետ կառավարությունը մի քանի բազմամիլիոնանոց պայմանագրեր է կնքել: Մեղադրանքներին ի պատասխան Մորալեսը խոստովանել է, որ 2005-2007 թվականներին նա սերտ հարաբերությունների մեջ է եղել Սապատայի հետ և որ նրանք որդի են ունեցել, որը, ինչպես ենթադրում էր Մորալեսը, շուտով մահացել է: Երկրի նախագահի խոսքով՝ երեխայի մահվանից հետո նրանք դադարեցրել են շփումը։
Սակայն այն բանից հետո, երբ Սապատան ձերբակալվել է «դիրքի չարաշահման» և ապօրինի հարստացման կասկածանքով, նա հայտարարել է, որ իր ու նախագահի որդին ողջ է։ Այժմ Մորալեսի նախկին քաղաքացիական կինը կալանքի տակ է։










