Ողջունելի է, երբ ազգային բարերարները զբաղվում են ազգային խնդիրներով, այլ ոչ թե սելֆիներով. քաղտեխնոլոգը՝ «Ավրորայի» դերի մասին

20:21 • 26.04.16

Tert.am-ի հետ զրույցում  PR և ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Վիգեն Հակոբյանը մասնագիտական հայացքով անդրադառնում է ռուսաստանցի հայտնի բարերար Ռուբեն Վարդանյանի մտահղացմանը` ամեն տարի ապրիլի 24-ին անցկացնել «Ավրորա» մրցանակաբաշխություն՝ համաշխարհային դեմքերի մասնակցությամբ: Այն համատեքստում, թե դա ինչ կտա Հայոց հարցի համաշխարհայնացման առումով, Վիգեն Հակոբյանը նշեց.  «Ողջունելի է, որ ոչ միայն պետությունն է սկսում զբաղվել այդ հարցով, այլև մեր մեծահարուստների ցիվիլ մասը: Երբ ազգային բարերարները, իրոք, զբաղվում են ազգային խնդիրներով, այլ ոչ թե սելֆիներով` իրենց հոգու հանգստության համար»։


-Պարոն Հակոբյանը, «Ավրորա» մրցանակաբաշխությունը, հիրավի պատմական իրադարձություն էր` օսկարակիր դերասանների ու համաշխարհային դեմքերի մասնակցությամբ: PR մասնագետի հայացքով` Ռուբեն Վարդանյանի գաղափարն` ամեն տարի Երևանում ապրիլի 24-ին նման միջոցառում անցկացնելն ի՞նչ դեր կունենա համաշխարհային նշանակության միջոցառում կազմակերպելու առումով:


- Նախկինում, շատ դեպքերում Հայկական հարցի քարոզչությունը, հիմնականում, ուղղված էր մեր ներքին լսարանին կամ լավագույն դեպքում` Սփյուռքին: Այսինքն` մենք աշխարհի հետ շատ քիչ ենք խոսել աշխարհին հասկանալի լեզվով և հասկանալի ֆորմատներում` Հայոց ցեղասպանության մասին: Եվ նման առաջին փորձը եղան անցած տարվա միջոցառումները, իսկ «Ավրորա» մրցանակաբաշխությունն արդեն դասական օրինակ է միջազգային ստանդարտներով։  
 

Արժեհամակարգերով շփվել աշխարհի հետ, նրան ներկայացնել մեր խնդիրները, և ցեղասպանության խնդիրը համաշխարհային արժեհամակարգի մեջ տեղավորել: Այնպես որ, այդ առումով կարևոր քայլ էր, և կարծես թե, սկսում ենք «թարգել» մեր յուղով տապակվել, և PR տեխնոլոգիաների միջոցով, հրավիրված համաշխարհային դեմքերի, օսկարակի ու նոմինանտների միջոցով գենոցիդն աշխարհի համար մատչելի ենք դարձնում, որովհետև յուրաքանչյուր նման մարդու հայտնվելն աշխարհի ցանկացած ծագում իր հետևից բերում է ինֆորմացիոն մի հսկա ալիք, քանի որ իրենք միշտ  newsmaker-ներ են:  Եվ երբ իրենց մասին, բնականաբար, գրում են, թե ինչի կապակցությամբ են նրանք հայտնվել Հայաստանում:  Եվ այս առումով Ռուբեն Վարդանյանի ու իր գործընկերների արած գործը լուրջ քարոզչական ներդրում է  Հայոց ցեղասպանության միջազգային ճանարման  և միջազգայնացման գործում:


-Տարիներ առաջ, հիշո՞ւմ եք, խոսակցություններ կային, թե ինչու հրեաներին հաջողվեց շատ ավելին անել, քան հայերին, ու հիմնական պատճառ էր նշվում այն, որ հրեաները գնացին Հոլոքոստի մշակույթի միջոցով ներկայացնելու ճանապարհով, իսկ մենք՝ դիվանագիտական: Եվ արդյո՞ք Ռուբեն Վարդանյանի մտահղացումը մի երկրորդ տարբերակ չէ` մշակութայինի ու մարդասիրականի:


- Ես կարծում եմ` բոլոր մեթոդները` թե՛ դիվանագիտական, թե՛ մշակութային, թե՛հումանիտար ակցիաները համադրելի են, և պետք է դրանք միշտ էլ զուգահեռաբար արվեն:  Հիմա նույն Հռոմի Պապի անցած տարվա պատարագը շատ ու շատ  ավելի մեծ դիվիդենտներ բերեց մեր հարցի պոպուլյարիզացիային, քան այլ քայլեր: Սակայն, կոնկրետ այս քայլի վերաբերյալ, ապա, այո, համաձայն  եմ, կան հնարքներ ու ձևեր, որոնք մենք պետք է նույն  հրեաներից ընդօրինակենք: 

Օրինակ` Սպիլբերգի մի քանի ֆիլմերը, որոնք վերաբերում էին Հոլոքոստին կամ հրեական հարցերին, շատ ավելի մեծ օգուտ տվեցին՝ մարդկային մակարդակով, ուղեղները գրավելու մակարդակով, քան շատ դիվանագիտական քայլեր, որոնք արվում են, կարող են հաջողություն բերել կամ չբերել, բայց նույն ռեզոնոնասը չստանան: Եվ այս առումով մեր հարցի հետ կապված ինչ-որ տեղաշարժեր տեսնում եմ հենց այս ակցիայի շրջականերում, որտեղ կար ամեն ինչ՝ և՛ շոու, եթե նայում ենք մասնագիտական հայացքով, և՛ մարդկանց ուշադրությունը հրավիրելու միջազգային ստանդարտներով էլեմենտներ` մշակութային ու հումանիստական: Եվ հույս ունեմ, որ այն նախագծի` Հայոց ցեղասպանության ֆիլմի  մասին, որ դեռևս Քըրք Քրքորյանն էր պատվիրել հոլիվուդյան հայտնի ռեժիսորների և դերասանների, նույնպես շուտ լուրջ քայլ կդառնա:


-Այսպիսով, փարատվեցի՞ն մեր այն մտավախությունները, որ 100-րդ տարելիցից հետո այս շուքը կանցնի և 101-րդ տարելիցն, այսպես ասած, մարած կլինի:


-Բնականաբար, ինչ-որ իրադարձությունները կլոր տարեթվերը պարունակում են շատ ավելի լայն  մասշտաբի միջոցառումներ, ինչպես նաև հյուրերի ավելի լայն ցանկ: Ամեն տարի նույն բանը չի կարող տեղի ունենալ, ամեն տարի Sistem of Down-ը չի կարող Երևանում համերգ տալ, և այստեղ շատ ավելի կարևոր է հետևողականությունը և այն, որ մենք ամեն տարի ավելի ու ավելի «կրեատիվ» ենք  սկսում մոտենալ հարցին: Եվ մենք տեսնում ենք, որ ավելի լուրջ առիթներ ենք ստեղծում, որպեսզի աշխարհում մեր մասին ավելի ու ավելի շատ խոսեն: Եվ ողջունելի է, որ ոչ միայն պետությունն է սկսում զբաղվել այդ հարցով, այլև մեր մեծահարուստների ցիվիլ մասը: Երբ Ազգային բարերարները, իրոք, զբաղվում են ազգային խնդիրներով, այլ ոչ թե սելֆիներով` իրենց հոգու հանգստության համար:
 

Ողջունելի է, երբ ազգային բարերարները զբաղվում են ազգային խնդիրներով, այլ ոչ թե սելֆիներով. քաղտեխնոլոգը՝ «Ավրորայի» դերի մասին