Երկրաշարժի պատճառով 120.000 էկվադորցի երեխաներ զրկվել են կրթություն ստանալու հնարավորությունից. ՅՈւՆԻՍԵՖ
Էկվադորում հզոր երկրաշարժն անդրադարձել է 250.000 երեխաների վրա, որոնց կեսը չեն կարողանում դպրոց հաճախել՝ ուսումնական հաստատությունների վնասվելու պատճառով, հայտնում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈւՆԻՍԵՖ):
«Ավելի քան 280 դպրոցներ վնասվել են երկրաշարժի հետևանքով, որը տեղի է ունեցել Էկվադորում ապրիլի 16-ին։ 120.000 երեխաներ ժամանակավոր զրկվել են սովորելու հնարավորությունից»,- ասվում է կազմակերպության հայտարարությունում:
Էկվադորում հիմնադրամի ներկայացուցիչ Գրանտ Լիեյթին հայտնել է, որ դպրոց հաճախելը երեխաներին վերադարձնում է նորմալ կյանք, օգնում է վերականգնվել ցնցումներից հետո, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։










