Հակառակորդի կրակի հետևանքով հայկական կողմն ունեցել է 3 վիրավոր, որոնցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր. Կ. Խաչատրյան

15:36 • 27.04.16

Այս գիշեր, ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ինտենսիվ հրետակոծությունների արդյունքում, հայկական կողմն ունենցել է 3 վիրավոր, որոնցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր:


Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը:


«Վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց նա՝ հաղորդելով, որ ծանր վիրավորը ստացել է բեկորային վնասվածք ազդրի ստորին երրորդական հատվածում:


Կամավոր Խաչատրյանի խոսքով՝ ապրիլի առաջին չորս օրերի ռազմական գործողությունների հետևանքով կայազորային հոսպիտալներ տեղափոխված վիրավոր զինծառայողների թիվը կազմել է 125:


«Ապրիլի 5-ին կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունից հետո հակառակորդը շարունակում է կրակել, ինչի հետևանքով  կայազորային հոսպիտալներ են տեղափոխվել ևս 34 զինծառայողներ»,- տեղեկացրեց ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետը:


Ընդհանուր առմամբ, ըստ նրա, հոսպիտալներում կատարվել է մոտ 148 վիրահատություն, մի քանի դեպքում՝ կրկնակի վիրահատություն: «Այդ 148 վիրահատության մեջ մտնում են ոչ միայն բարդ, այլև փոքր վիրահատությունները»,- ասաց նա:


Խաչատրյանի հաղորդմամբ՝ այսօրվա դրությամբ 3 վիրավորի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Նրանք ստացել են գլխուղեղի և ողնաշարի վնասվածք: 87 զինծառայող արդեն իսկ դուրս են գրվել հոսպիտալներից:


«Ինչպես ասել էի՝ մինչև մեր զինվորների վերջին վիրակապի թելը չքանդենք, չառողջացնենք, հոսպիտալից դուրս չեն գրվելու: Իսկ հոսպիտալից դուրս գրված զինծառայողները լիարժեք ապաքինված են: Մենք նրանց որոշ ժամանակ դուրս չէինք գրում, քանի որ բուժումից հետո իրականացվել է նաև հոգեբանական աշխատանք»,- եզրափակեց Կամավոր Խաչատրյանը:

Հակառակորդի կրակի հետևանքով հայկական կողմն ունեցել է 3 վիրավոր, որոնցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր. Կ. Խաչատրյան