Freedom House-ը հրապարակել է մամուլի ազատության վարկանիշը. Ադրբեջանը զգալի անկում է գրանցել
Ժողովրդավարության, քաղաքական ազատության և մարդու իրավունքների ոլորտներում հետազոտություններ իրականացնող Freedom House ամերիկյան ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է 2015 թվականի ընթացքում ԶԼՄ-ների ազատության վերաբերյալ զեկույցը։
Փորձագետները գնահատել են 199 երկրների զանգվածային լրատվական միջոցները 0-ից 100 բալանոց համակարգով՝ երեք դասակարգումներում՝ ազատ, մասամբ ազատ և անազատ:
ԶԼՄ-ների ազատության ինդեքսում Հայաստանը 63 միավորով զբաղեցնում է 139-րդ տեղը և շարունակում է մնալ «անազատ» մամուլ ունեցող երկրների շարքում։ Անցած տարվա զեկույցում Հայաստանը զբաղեցրել էր 135-րդ տեղը և ստացել 61 միավոր։
ԶԼՄ-ների ազատության ինդեքսում Ադրբեջանն 89 միավորով զբաղեցնում է 189-րդ տեղը, Ռուսաստանը՝ 83 միավորով 176-րդ տեղը, Թուրքիան՝ 42 միավորով 156-րդ տեղը, Իրանը հավաքել է 90 միավոր և զբաղեցրել 190-րդ տեղը: Այս երկրները նույնպես գտնվում են «անազատ» մամուլով երկրների շարքում:
Զեկույցում նշվում է, որ 2015 թվականի ամենազգալի անկումներից մեկը գրանցել է Ադրբեջանը՝ հայտնի լրագրողի դաժան և մինչև հիմա չբացահայտված սպանության, ինչպես նաև հունիսին Եվրոպական խաղերի ընթացքում արտասահմանյան լրագրողների մուտքի վերաբերյալ սահմանափակումների պատճառով։
Եվրասիական տարածաշրջանում լավագույն արդյունքներն է ցույց տվել Վրաստանը, որը դասվել է «մասամբ ազատ» մամուլ ունեցող երկրների թվին՝ հավաքելով 49 միավոր և զբաղեցնելով 96-րդ տեղը։
Զեկույցի համաձայն՝ ընդհանուր առմամբ ԶԼՄ-ներն «ազատ» են գնահատվել 62 պետությունում (31 տոկոս), 71 երկրի (36 տոկոս) մամուլը ճանաչվել է «մասամբ ազատ», իսկ մնացած 66 երկրները (33 տոկոս)՝ «անազատ»։
Իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ աշխարհում մամուլի մակարդակը գտնվում է վերջին 12 տարիների ընթացքում ամենացածր մակարդակի վրա՝ քաղաքականության, հանցավորության և ահաբեկչության համակցված ազդեցության պատճառով։
Զեկույցում նշվում է, որ ամենաշատը մամուլի ազատության վրա ճնշում է գործադրվել Մերձավոր Արևելքում և Թուրքիայում, որտեղ կառավարությունները և խմբավորումները ճնշում են գործադրել լրագրողների և լրատվամիջոցների վրա։ Freedom House-ը նշում է, որ Սիրիան, որտեղ անցած տարի սպանվել է առնվանզ 14 լրագրող, 2015 թվականին մնացել է լրագրողների գտնվելու համար ամենավտանգավոր վայրը։
Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ։










