Նորվեգիայի կառավարությունը բողոքարկել է Բրեյվիկի օգտին կայացված վճիռը
Նորվեգիայի կառավարությունը բողոքարկել է ապրիլի 20-ին Օսլոյի շրջանային դատարանի կողմից կայացված վճիռն այն մասին, որ երկրի իշխանությունները ոտնահարել են 77 մարդու կյանք խլած ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի իրավունքները:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, Նորվեգիայի արդարադատության նախարար Անդերս Անունդսենն ասել է, որ կառավարությունը համամիտ չէ օրեր առաջ կայացված վճռի հետ, որում հաստատվում է իշխանությունների կողմից Բրեյվիկի «հիմնարար իրավունքները խախտելու» փաստը:
«Այսօր ես խնդրել եմ գլխավոր դատախազին բողոքարկել վճիռը»,-ասել է պաշտոնյան:
Բրիտանական պարբերականը հիշեցնում է, որ 37-ամյա Բրեյվիկն անցած ամիս դատական հայց էր ներկայացրել Նորվեգիայի դեմ` ասելով, որ մյուս բանտարկյալներից իրեն մեկուսացված պահելը, հաճախակի ձեռնաշղթաներ հագցնելը, միանման ճաշացանկն ու սառը սնունդը համարվում են մարդու իրավունքի խախտում։ Քառօրյա լսումներից հետո դատարանը վճռել էր, որ իշխանություններն իրոք խախտել են Բրեյվիկի իրավունքներն ու պարտավորեցրել էր կառավարությանը 28.000 եվրոյի փոխհատուցում վճարել ծայրահեղական ահաբեկչին։










