Սիրիական Դարայա քաղաքում իրավիճակը սարսափեցնող է. ՄԱԿ
Մարդասիրական հարցերով ՄԱԿ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ կառավարական զորքերով շրջափակված սիրիական Դարայա քաղաքում իրավիճակը սարսափեցնող է, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Մասնավորապես՝ ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման վարչության ղեկավար Սթիվեն Օ՛Բրայանը, ելույթ ունենալով Ժնևում, նշել է, որ երեք տարի պաշարման մեջ գտնվող քաղաքում կա սննդի, ջրի և դեղորայքի սուր անհրաժեշտություն։
Նա նաև ընդգծել է, որ սիրիական իշխանությունները չեն պատասխանում քաղաքի բնակիչներին մարդասիրական օգնություն հասցնելու ՄԱԿ-ի դիմումներին։
Մոտավոր տվյալներով՝ քաղաքում այժմ մոտ 4 հազար մարդ կա։ Մարդասիրական օգնության վերջին խմբաքանակն այնտեղ ուղարկվել է 2012 թվականի նոյեմբերին։
ՄԱԿ-ի տվյալներով՝ Սիրիայի տարբեր շրջաններում այժմ պաշարված է մնում մոտ 500 հազար մարդ։










