ԱԱԾ-ն կալանավորել է 4 քաղաքացու, որոնց մեջ է Մարգարիտա և Վլադիմիր Բարխոյանների հայրը. shamshyan.com

15:04 • 28.04.16

Ապրիլի 25-ին Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունը միջնորդություն է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշումներ կայացնի 4 քաղաքացու նկատմամբ: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը վերոնշյալ քաղաքացիներն են՝ Արտյոմ Օրդուխանյանը, Դավիթ Մնացականյանը, Սարգիս Հակոբյանը և Սամվել Բարխոյանը:

 

Ա. Օրդուխանյանն ու Ս. Բարխոյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), իսկ Դ. Մնացականյանն ու Ս. Հակոբյանը մեղադրվում են նույն հոդվածի 2-րդ մասի (սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) հատկանիշներով: Դատավոր Գայանե Մազմանյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է ԱԱԾ քննչական գլխավոր վարչության միջնորդությունը և նշված անձինք վերցվել են երկամսյա կալանքի:


Shamshyan.com-ի տեղեկություններով՝ կալանավորվածներից Ս. Բարխոյանը հանրությանը հայտնի երգիչներ Մարգարիտա և Վլադիմիր Բարխոյանների հայրն է:

ԱԱԾ-ն կալանավորել է 4 քաղաքացու, որոնց մեջ է Մարգարիտա և Վլադիմիր Բարխոյանների հայրը. shamshyan.com