Ամերիկյան ընկերությունը ներողություն է խնդրել Նյու Յորքի երկնքում «Ցեղասպանության հերքման» համար

10:54 • 28.04.16

Օդային տարածությունում գրառումների տեղադրմամբ զբաղվող ամերիկյան Geico Skytypers ընկերությունը, որն անցած շաբաթ Նյու Յորքի երկինքը «զարդարել» էր Հայոց ցեղասպանությունը հերքող ու Թուրքիային գովաբանող կարգախոսներով, ստիպված է եղել ներողություն խնդրել իր արարքի համար:

 

Ինչպես գրում է The Washington Post-ը,  ընկերության մասնագետները Նյու Յորքի երկնքում գրել էին «Ցեղասպանության մասին ստի 101-րդ տարին», «Թուրքիա=ճշմարտություն», «Հրաշալի դաշնակից=Թուրքիա», «Լավագույն ընկերներ=Ռուսաստան+Հայաստան» գրությունները, որոնց կից արվել էին թուրքերենով մի քանի հայրենասիրական արտահայտություններ։

 

Սակայն երբ տվյալ ընկերությունը բազմաթիվ զանգեր է ստացել բարկացած քաղաքացիներից, այն հանդես է եկել իր արարքի համար ներողություն հայցող հայտարարությամբ, որում ասվում է. «Անփությունը ներում չունի` հատկապես, երբ այն վնաս է հասցնում: Սակայն մենք մեղավոր ենք տեղեկացված չլինելու, այլ ոչ թե չար մտադրություններ ունենալու համար»։

 

«Տվյալ գովազդային ակցիան ամբողջ երկրով մեկ կազմակերպված տեղեկատվական հարձակման մի մասն է, որն իրականացվել է FactCheckArmenia.com կայքի կողմից և որի նպատակը 1915-1916 թթ.  Օսմանյան կայսրությունում 1.5 մլն հայերի սպանության պատմական փաստի ճիշտ ձևակերպման հերքումն է»,-ասվում է The Washinghton Post-ի անդրադարձում։


Ամերիկյան ընկերությունը ներողություն է խնդրել Նյու Յորքի երկնքում «Ցեղասպանության հերքման» համար