Լեռնային Ղարաբաղում զինված դիմակայության սրությունը չի նվազում. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Լեռնային Ղարաբաղում զինված դիմակայության սրությունը չի նվազում։ Այդ մասին հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, գրում է ТАСС-ը:
«Այսպես կոչված՝ սառեցված հակամարտությունների սրման հավանականությունը պահպանվում է։ Վերջին ժամանակներում՝ շատ սուր: Եվ ցավոք, չի նվազում Լեռնային Ղարաբաղում զինված դիմակայության սրությունը»,- ասել է Բորդյուժան Մոսկվայում միջազգային անվտանգության համաժողովի ընթացքում։
Օրերս նա հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման ժամանակ Հայաստանն օգնության խնդրանքով չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)։
«Չի եղել ոչ մի խնդրանք»,- հայտարարել էր Բորդյուժան՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Բորդյուժան նաև դրական պատասխան էր տվել լրագրողի հարցին, թե արդյոք այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքի համապատասխան Հայաստանի մաս չի կազմում, ՀԱՊԿ ուժերը կարող են Հայաստանին պաշտպանության գալ միայն նրա միջազգային ճանաչված սահմանների վրա հարձակման ժամանակ։ «Այո՛, դուք ճիշտ եք հասկանում»,- հայտարարել է նա:
Պաշտոնյան, միևնույն ժամանակ, նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի շրջանում իրավիճակը մեծ նշանակություն ունի ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում անվտանգության ապահովման առումով։










