Ադրբեջանն իր այլատյացությամբ, ապակայունության և արյունահեղության ալիք տարածելու մոլուցքով նման է Թուրքիային. Շավարշ Քոչարյան
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Թուրքիայի նախագահի ՝ ապրիլի 24-ին արված վերջին հայտարարությանը, նշեց, որ այդ խոստովանություն է առ այն, որ Հայոց ցեղասպանությունից հարյուր տարի անց էլ Թուրքիայի ղեկավարության մտածելակերպը չի փոխվել:
«Այդ հայտարարությունը խոստովանություն է առ այն, որ Հայոց ցեղասպանությունից հարյուր տարի անց էլ Թուրքիայի ղեկավարության մտածելակերպը չի փոխվել: Թուրքիայի նախագահը փորձում է սպառնալ Հայաստանին՝ կապակցելով Թուրքիայում բնակվող հայության կախվածությունը երկրի իշխանություններից և այս տարվա ապրիլի 24-ին արված իր ժխտողական հայտարարությունը»,- նշեց փոխարտգործնախարարը:
Շավարշ Քոչարյանն ասաց, որ ըստ այդ հայտարարության՝ Ադրբեջանը նման չէ ո՛չ հարևան պետություններին, ո՛չ էլ Ուկրաինային և հավելեց.«Մնում է ավելացնել, որ Ադրբեջանն իր այլատյացությամբ, ապակայունության և արյունահեղության ալիք տարածելու մոլուցքով ու ցեղասպան մոտեցումներով նման է և նույնական մեկ պետության՝ Թուրքիայի հետ:
Թե՛ Անկարայի, թե՛ Բաքվի նմանատիպ ջղաձիգ հայտարարություններն արտահայտությունն են իրենց ռասիստական քաղաքականության արդյունքում միջազգային ասպարեզում խորը մեկուսացման մեջ հայտնվելու սարսափի»:










