Առաջընթաց կա. Դե Միստուրան պատմել է սիրիական բանակցությունների կողմերի շփման եզրերի մասին

10:26 • 28.04.16

Միջսիրիական բանակցությունների երկրորդ փուլը պաշտոնապես ավարտվեց երեկ՝ Ժնևում։ Այն ցույց տվեց, որ պատվիրակությունները, չնայած տարաձայություններին, շփման եզրեր ունեն, գրում է ТАСС-ը։

 

Քննարկման մասնակիցները, որոնք 5 տարվա արյունալի պատերազմից հետո բարիկադների հակառակ կողմերում են գտնվում, կարողացան ընդհանուր եզրեր գտնել անգամ այնպիսի զգայուն թեմայի շուրջ, ինչպիսին է անցումային քաղաքական գործընթացը։


Դրան զուգահեռ՝ փխրուն հրադադարի մշտական խախտումները կարող են «թաղել» ողջ գործընթացը։ Այդ մասին նախազգուշացրել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե-Միստուրան։


Նա ՄԱԿ-ի եվրոպական բաժնի շտաբ բնակարանում լրագրողների հետ հանդիպեց կեսգիշերից հետո։

 

Ասուլիսի համար այդ տարօրինակ ժամը պայմանավորված էր այն հանգամանքով, որ դե Միստուրան նախ պարտավորվել էր հաշվետվություն ներկայացնել ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամներին՝ Նյու Յորքում։

 

Դիվանագետը դա արել էր տեսակոնֆերանսի միջոցով, ինչից հետո միայն դիմել էր լրատվամիջոցների ներկայացուցիչներին։


«Բանակցային այս գործընթացի վրա ստվեր գցեցին և լուրջ մտահոգությունների առիթ դարձան հրադադարի ռեժիմի խախտումները, որոնց վրա չի կարելի աչք փակել»,-ասել է նա։

 

Պաշտոնյան նշել է, որ բանակցությունների ընթացքում միջադեպերը հաջորդում էին մեկը մյուսին՝ հատկապես Հալեպում ու Դամասկոսում։


Բանագնացի խոսքով՝ 48 ժամվա ընթացքում յուրաքանչյուր 25 րոպեն մեկ սիրիացի է զոհվել։  Դե Միստուրան համեմատության համար նշել է, որ հրադադարի արդյունավետ շրջանում՝ մարտի սկզբին, Սիրիայում օրը 9-10 մարդ էր զոհվում։

 

Չնայած դրան՝ սիրիական պատվիրակություններին հաջողվել է որոշակի առաջընթաց գրանցել։ «Առաջընթաց կա այնպիսի ոլորտներում, որոնցում նախկինում պատկերացնել անգամ չէինք կարող, որ դա տեղի կունենա»,-խոստովանել է դե Միստուրան։

Ամենակարևոր պահն առնչվում է սիրիական կառավարության ճակատագրին։

 

«Պատվիրակությունները համաձայն են, որ անցումային կառավարության կազմում լինեն ներկա կառավարության անդամներ, ընդդիմադիրներ, անկախ քաղաքական գործիչներ»,-ասել է նա։