Չիլիում դատարանը պարտավորեցրել է պետությանը 2.7 մլն դոլար վճարել 2010-ի ցունամիի զոհերի հարազատներին
Չիլիի մայրաքաղաքի քաղաքացիական դատարանը պարտավորեցրել է պետությանը 2.7 մլն դոլար վճարել 2010-ին ցունամիի հետևանքով 21 զոհերի ընտանիքներին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Դատարանը մարդկանց մահվան համար պատասխանատու է համարել Արտակարգ իրավիճակների ազգային ծառայությանն ու Ռազմածովային ուժերի հիդրոգրաֆիկ և օվկիանոսագիտական ծառայությանը, որոնք ժամանակին չեն տեղեկացրել քաղաքացիներին ցունամիի վտանգի մասին։
«Մարդիկ կկարողանային փրկվել, եթե այդ գերատեսչություններն իրենց պարտականությունները կատարեին օրենքին համապատասխան»,- ասվում է որոշման մեջ:
2010-ի փետրվարին Չիլիում տեղի է ունեցել հզոր երկրաշարժ, որին հաջորդել է ցունամին։ Բնական աղետի հետևանքով մահացել է 525 մարդ:










