ԱՄՆ-ի գերագույն դատարանը թույլ է տվել ՀԴԲ-ին ցանկացած համակարգիչ «կոտրել»
ԱՄՆ-ի գերագույն դատարանը հավանություն է տվել օրենսդրական փոփոխությանը, որը դատավորներին իրավունք կտա ցանկացած համակարգչի «խուզարկության» թույլտվություն տրամադրել Հետաքննությունների դաշնային բյուրոյին՝ անկախ դրա գտնվելու վայրից։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Դատավոր Ջոն Ռոբերթսն արդեն նոր կանոններն ուղարկել է Կոնգրես, որը մինչև դեկտեմբերի 1-ը պետք է կամ օրենքում փոփոխություններ կատարի, կամ հրաժարվի դրանցից: Եթե Կոնգրեսն արհամարհի հարցումը, ապա Գերագույն դատարանի որոշումը մեխանիկորեն կընդունվի։
Նախկինում դատավորներն իրավունք ունեին խուզարկության օրդեր տրամադրել միայն մեկ դատարանի իրավասության շրջանակում, որի տարածքը սովորաբար սահմանափակվում էր մի քանի շրջանով: Արդարադատության նախարարությունը պնդում է նման փոփոխությունների հարցում 2013 թվականից՝ նշելով, որ դրանք անհրաժեշտ են թվային դարաշրջանում։
Այնուամենայնիվ, իրավապաշտպան կազմակերպությունները և Google ընկերությունը նման փոփոխություններին դեմ են հանդես գալիս։










