Էստոնիան 70 միլիոն եվրո կծախսի Ռուսաստանի հետ սահմանին պատ կառուցելու համար
Առաջիկա չորս տարիներին ներքին անվտանգության ոլորտում Էստոնիայի բյուջետային ռազմավարության առաջնահերթությունը կդառնա Եվրոպայում ամենաժամանակակից արևելյան սահմանի կառուցումը և սահմանային հսկողության արագ արձագանքման ուժերի բարելավումը: Այդ մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Հաննո Պևկուրը, գրում է interfax.ru-ն:
«Բարձր տեխնոլոգիաներով սահմանի կառուցման ընդհանուր արժեքը գնահատականների համաձայն կգերազանցի 70 միլիոն եվրոն: Մեր նպատակն է ավարտել սահմանային ենթակառուցվածքների կառուցումը Էստոնայի Հանրապետության 100-ամյակին, որը կնշվի 2018 թվականին»,- ասել է Պևկուրը:
Նախարարի խոսքերով՝ այս տարի բյուջեում նախատեսվում է սահմանի կառուցման համար ավելի քան 20 միլիոն եվրոյի հատկացումը: «Համաձայն հինգշաբթի օրը հաստատված բյուջետային ռազմավարության՝ առաջիկա տարիներին մենք կհատկացնենք ևս 50 միլիոն եվրո»,-ասել է ներքին գործերի նախարարը:










