Թուրքիայում ազգային փոքրամասնությունների համար դարձյալ վտանգավոր օրեր են. Կարո Փայլան
Թուրքիայի խորհրդարանի քրդամետ ուժի՝ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Փարիզում մասնակցել է Թուրքիայում ազգային փոքրամասնությունների մասին համաժողովին։
Ինչպես տեղեկացնում է Demokrat Haber կայքը, այնտեղ նա հայտարարել է, որ եթե փոքրամասնության ներկայացուցիչները «խելոք երեխայի» պես են լինում Թուրքիայում, լավ են ընդունվում, սակայն ցանկացած բողոքի դեպքում դիտարկվում են որպես «դավաճան»։
Նա նշել է, որ «Թուրքիայում փոքրամասնությունների համար դարձյալ ռիսկային օրեր են»։
«Թուրքիայում հայ լինելը դեռ նորմալ չի դիտարկվում։ Երբեմն շատ փառաբանվող, երբեմն էլ՝ շատ չարախոսվող ինքնություն, մի բառ, որը որպես հայհոյանք է օգտագործվում, և վերջին օրերին դարձյալ վերապրում ենք դա։ Իմ նպատակը հայկական ինքնությունը նորմալ, բոլոր ինքնությունների նման պատվաբեր դարձնելն է»,-ասել է նա։
Փայլանը նշել է, որ ինքը միայն Հայկական հարցով չէ, որ զբաղվում է. նա ցանկանում է ստեղծել մի նախադեպ, որով կլուծվեին բոլորի խնդիրները և կպահպանվեին բոլոր փոքրամասնությունների իրավունքները։
«Թուրքիայում լինեն հայերը, լինեն հրեաները կամ այլ փոքրամասնության ներկայացուցիչներ, դարձյալ վտանգավոր օրեր ենք ապրում, և այն ամենը, ինչ Դինքը (նշանավոր լրագրող Հրանտ Դինք- Խմբ.) որպես «աղավնու անհանգստություն» էր նկարագրում, դեռ կա»,-ասել է նա։
Փայլանը նաև պատմել է, որ Թուրքիայի խորհրդարանի Բյուջեի պլանավորման հանձնաժողովից պահանջել է կիրակի ժամը 10։30-12։00-ն ընդմիջում տալ, որպեսզի ինքը կարողանա եկեղեցի գնալ ու մասնակցել պատարագի, ճիշտ այնպես, ինչպես ուրբաթ օրերին է ընդմիջում լինում, որպեսզի մուսուլման պատգամավորներն աղոթելու հնարավորություն ունենան։ Հանձնաժողովի 40 անդամներից ոչ մեկ չի կարողացել մերժել։
«Երբ ասում ես՝ «դու աղոթելու իրավունք ունե՞ս, իսկ ես ո՞չ»՝ չեն կարողանում մերժել։ Կարևոր է այդ հայելին նրանց ուղղելը»,- ասել է նա։










