ՌԴ-ն և ԱՄՆ-ն ապրիլի 30-ից 72 ժամով «լռության ռեժիմ» կսահմանեն Լաթաքիայի հյուսիսում
Ռուսաստանը և ԱՄՆ-ն Դամասկոսի հետ համաձայնությամբ հայտարարում են ապրիլի 30-ի ժամը 00:01-ից 72 ժամով սիրիական Լաթաքիա շրջանի հյուսիսում հրադադար հաստատելու մասին։ Այդ մասին ուրբաթ օրը լրագրողներին հայտնել է Սիրիական Արաբական Հանրապետության տարածքում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կուրալենկոն, հայտնում է interfax.ru-ն։
«Այդ ժամանակահատվածում կարգելվի ռազմական գործողությունների և բոլոր տեսակի զենքերի կիրառումը»,- հայտարարել է Կուրալենկոն։
«Կոչ ենք անում սիրիական հողում խաղաղության հաստատման հարցում շահագրգռված բոլոր կողմերին պաշտպանել ռուս-ամերիկյան նախաձեռնությունը և թույլ չտալ սահմանվող «լռության ռեժիմի» տապալումը»,- ասել է գեներալը:
Նա նաև փաստել է, որ «Ջեբհաթ Ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինները փորձում են սրել լարվածությունը Լաթաքիայի հյուսիսային հատվածներում և Հալեպում։










