Սիրիայի բանակը պատրաստվում է ազատագրել Դեյր էզ-Զորն ու Ռաքքան. ռուս դիվանագետ

10:37 • 29.04.16

Սիրիայի զինված ուժերը ռուսական ավիացիայի աջակցությամբ պլանավորում են հարձակում իրականացնել Դեյր էզ-Զորի և Ռաքքայի ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է Ժնևում ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսեյ Բորոդավկինը։


Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, դիվանագետը հիշեցրել է, որ հրադադարի ռեժիմը չի տարածվում «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան-Նուսրա» և այլ ահաբեկչական խմբավորումների վրա։


Ավելին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևում նշվում է ծայրահեղականների դեմ հետագա պայքարի անհրաժեշտության մասին։


«Հենց այդպես էլ գործում են սիրիական զինված ուժերը՝ ռուսական օդատիեզերական ուժերի աջակցությամբ։ Այդ գործողությունների արդյունքում ազատագրվեց Պալմիրան, իսկ այժմ խոսվում է Դեյր էզ-Զորի և Ռաքքայի ուղղությամբ գործողություններ սկսելու մասին։ Հենց նման խմբավորումների դեմ էլ Հալեպում և այլ վայրերում մարտեր են ընթանում»,-ասել է Բորոդավկինը։


Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը նշել է, որ Սիրիայում հրադադարը տարածվում է միայն այն խմբավորումների վրա, որոնք Սիրիայում ռուսական կենտրոնի կամ Ամմանում ամերիկյան կառույցների միջոցով միացել են դրան։
 

 

Սիրիայի բանակը պատրաստվում է ազատագրել Դեյր էզ-Զորն ու Ռաքքան. ռուս դիվանագետ