ԱՄՆ-ում կնոջը դատապարտել են 1 ամսվա ազատազրկման` Facebook-ում խուճապ առաջացնող գրառման համար
ԱՄՆ-ում դատարանը Ռոզուել քաղաքի Ժանետա Գարսա Ալվարեզ անունով բնակչուհուն դատապարտել է 1 ամսվա ազատազրկման` Facebook սոցկայքում հաղորդագրություն հրապարակելու համար, որը խուճապ է առաջացրել դպրոցում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Իշխանությունների տվյալներով` կինը հաղորդագրությունը տեղադրել է հունվարի 29-ին: Դրանում կինը նախազգուշացրել է, որ իր որդին իմացել է մի քանի 8-րդ դասարանցիների` ատրճանակներ դպրոց բերելու և ուսումնական հաստատությունում հրաձգություն կազմակերպելու պլանների մասին։
Հրապարակումը շատ է վախեցրել ինչպես երեխաներին, այնպես էլ նրանց ծնողներին: Հաջորդ օրը մոտ 160 աշակերտ չի եկել դպրոց, այդ օրը ստացվել է մոտ 100 հեռախոսազանգ։
Դպրոցի ղեկավարությունն Ալվարեզին մեղադրել է խուճապային տրամադրություններ առաջացնելու համար: Բացի ազատազրկումից, նրան պարտավորեցրել են նաև 29 դոլար վճարել` գործընթացի հետ կապված ծախսերի համար։










