ՆԱՏՕ-ն 4.000 զինվորական կտեղակայի Ռուսաստանի հետ սահմաններին. The Wall Street Journal

10:32 • 30.04.16

Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները պատրաստվում են 4 գումարտակ՝ մոտ 4000 զինվորական, տեղակայել Լեհաստանում և Բալթյան երկրներում, գրում է The Wall Street Journal թերթը՝ արևմտյան երկրներում պաշտոնատար անձանց հղումով։

 

Դա կարվի Ռուսաստանի հետ սահմանների պաշտպանության ուժեղացմանն ուղղված ՆԱՏՕ-ի փորձերի շրջանակում՝ Մոսկվայի ռազմական ակտիվության ֆոնին։

 

Հավանական է, որ երկու գումարտակ կտրամադրի ԱՄՆ-ն, մեկական՝ Գերմանիան ու Մեծ Բրիտանիան։ Զինվորականների թվաքանակը Բրյուսել կատարած այցի ժամանակ հաստատել է Պենտագոնի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Ուորկը։ Նրա խոսքով՝ արևմտյան զորակազմի ավելացումը Բալթյան երկրներում Ռուսաստանի ակտիվության պատասխանն է։

 

«Ռուսները մեծ թվով զինվորականների մասնակցությամբ մի շարք անսպասելի զորավարժություններ են անցկացնում անմիջապես սահմանների մոտ։ Մենք կարող ենք դա չափազանց սադրիչ վարք համարել»,- ասել է նա։

 

ՌԴ պաշտոնատար անձինք, իրենց հերթին, հայտնում են, որ զորավարժությունների ինտենսիվությունն ու զորակազմի թվաքանակի ավելացումը Մոսկվայի հանդեպ Հյուսիսատլանտյան դաշինքի ագրեսիվ դիրքորոշման և դաշինքի զորակազմի ավելացման պատասխանն է, գրում է թերթը։

ՆԱՏՕ-ն 4.000 զինվորական կտեղակայի Ռուսաստանի հետ սահմաններին. The Wall Street Journal