ՌԴ ՊՆ-ի պատասխանը Բալթիկ ծովի երկնքում ռուսական Սու-27-ի մանևրի առնչությամբ Պենտագոնի զայրույթին

14:15 • 30.04.16

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Մոսկվան արդեն սկսում է սովորել ռուսական կործանիչների «ոչ պրոֆեսիոնալ» մանևրների պատճառով Պենտագոնի «նեղացվածություններին»։ Բալթիկ ծովի երկնքում ռուսական Սու-27 կործանիչի և ամերիկյան RC-135 հետախուզական ինքնաթիռի մասնակցությամբ միջադեպն այդպես է մեկնաբանել ռուսական ռազմական գերատեսչության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, գրում է РИА Новости-ն:

 

Նա ընդգծել է, որ ռուսական ինքնաթիռների բոլոր թռիչքները «համապատասխանում են օդային տարածքի օգտագործման միջազգային կանոններին»։ Ընդ որում, նրա խոսքով, ամերիկյան RC-135U-ն «ամեն անգամ փորձում է մոտենալ ռուսական սահմանին՝ անջատված տրանսպոնդերով»։

 

«Այդ պատճառով ՀՕՊ ուժերը ստիպված են լինում օդ բարձրացնել մեր կործանիչը՝ վիզուալ կերպով ճանաչելու ինքնաթիռի տեսակը և նրա համարը։ Ամերիկյան ռազմաօդային ուժերի այդ խնդիրը երկու լուծում ունի՝ կամ չթռչել մեր սահմանների մոտով, կամ միացնել տրանսպոնդերը…»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ ռազմական գերատեսչությունը՝ Պենտագոնը հայտնել է, որ Բալթիկ ծովի երկնքում ամերիկյան հետախուզական ինքնաթիռի նկատմամբ ռուսական Սու-27 կործանիչի իրականացրած գործողությունը կարող է հանգեցնել Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև հարաբերությունների սրմանը։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Միշել Բալդանսան։

 

«Օդաչուի ոչ պրոֆեսիոնալ ու անվտանգ գործողությունները կարող են հանգեցնել երկու երկրների միջև հարաբերությունների սրմանը»,- ասել է զրուցակիցը։

 

Նրա խոսքով՝ ամերիկյան RC-135 օդանավը «սովորական թռիչք է իրականացնելիս եղել միջազգային օդային տարածքում», երբ ռուսական կործանիչը մոտեցել է նրան ու «ոչ անվտանգ» մանևր իրականացրել։ Ըստ meduza.io-ի՝ ռուսական Սու-27-ը գտնվել է ամերիկյան օդանավից մոտ 7.5 մետր հեռավորության վրա։

ՌԴ ՊՆ-ի պատասխանը Բալթիկ ծովի երկնքում ռուսական Սու-27-ի մանևրի առնչությամբ Պենտագոնի զայրույթին