Թրամփը բողոքի ակցիաների պատճառով իր կողմնակիցների հետ հանդիպմանը հայտնվել է «հետնամուտքի» միջոցով (լուսանկարներ)
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Կալիֆոռնիայում բողոքի ակցիաների պատճառով իր կողմնակիցների հետ հանդիպմանը կարողացել է ներկա գտնվել «հետնամուտքի» միջոցով, գրում է The New York Times-ը։
Նշվում է, որ Թրամփը ելույթ է ունեցել Բուրլինգեյմ քաղաքի հյուրանոցի շենքում։ Շենքի առջև հավաքվել են մի քանի հարյուր ցուցարարներ, ովքեր տարբեր պաստառներ են բերել և կարգախոսներ բացականչել։
Աղբյուրը նշում է, որ Թրամփին նկատել են շենքի հակառակ կողմում` թիկնապահների ուղեկցությամբ, ովքեր նրան հյուրանոցի տարածք են մտցրել դարպասի անցքի միջով:
«Դա ամենահեշտ տարբերակը չէր, որ ես երբևէ հայտնվել էի շենքում»,- ասել է Թրամփը:
Նա նշել է, որ ստիպված է եղել դարպասի միջով անցնել, և ասել է, որ դա նման է եղել սահմանը հատելուն։













