Օբաման ծաղրել է Դոնալդ Թրամփին

13:51 • 01.05.16

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման լրագրողների ամենամյա ընդունելության ընթացքում ծաղրել է հանրապետականների կողմից նախագահի պաշտոնին հավակնող Դոնալդ Թրամփին:


Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, Օբաման կատակել է, թե «փոքր-ինչ վշտացած է», որ Թրամփը չկա ընդունելությանը:
 

«Հնարավոր է՝ ճաշը չափազանց անհամ է Դոնալդի համար… Հնարավոր է՝ նա տանն այժմ սթեյք է ուտում ու Twitter-ում վիրավորանքներ է գրում Անգելա Մերկելի հասցեին»,-ասել է Օբաման:
 

Սպիտակ տան առաջնորդը նաև հիշեցրել է, որ Թրամփին քննադատում են նաև հանրապետականները:
 

«Նրանք ասում են, որ Թրամփն արտաքին քաղաքականության փորձ չունի՝ նախագահ դառնալու համար: Արդարության համար ասեմ, որ նա տարիներ է անցկացրել ողջ աշխարհի առաջնորդների հետ՝ հանդիպելով Միսս Շվեդիա, Միսս Արգենտինա, Միսս Ադրբեջան և այլն»,-ասել է նա նկատի ունենալով, որ միլիարդատերը «Միսս տիեզերք» մրցույթն է անցկացնում:
 

Խոսելով նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի մասին, որը Դեմոկրատական կուսակցության թեկնածուն է՝ նախագահի պաշտոնի համար, Օբաման կատակով նրան իր հետնորդն է որակել:

Օբաման ծաղրել է Դոնալդ Թրամփին