Ի՞նչ հարցեր են կարգավորվելու խտրականության դեմ պայքարի մասին օրենքով
Օրերս մամուլում հրապարակում եղավ այն մասին, թե ԵՄ-ի հետ կնքված համաձայնագրով մի շարք ոլորտներում առանձնացվել է նաև խտրականության դեմ պայքարի մասին օրենքի ընդունման հարցը: Ըստ նույն հրապարակման՝ ԵՄ-ն ցանկանում է Հայաստանում այդ օրենքի նախագծի հիման վրա ստեղծել հատուկ մարմին: Tert.am–ը թեմայի շուրջ զրուցել է խտրականության դեմ պայքարի մասին օրենքի նախագծի հայեցակարգի և նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամ, հայտնի իրավապաշտպան Արա Ղազարյանի հետ։
–Պարոն Ղազարյան, կարո՞ղ եք ներկայացնել՝ երբ է սկսվել այդ օրենքի նախագծի մշակումը և ի՞նչ հարցեր է այն կարգավորելու: Լրատվամիջոցներում խոսվում է այն մասին, որ խտրականության դեմ պայքարի մասին օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է ԵՄ հետ կնքված համաձայնագրով և սկսվել է 2015թ.
– Իրականում, դեռ 2012 թվականին Մարդու իրավունքների նախկին պաշտպանն էր նախաձեռնել խտրականության դեմ պայքարի մասին օրենքի նախագծի մշակումը: Մշակումից հետո դա Օմբուդսմենի կողմից ներկայացվել էր հանրային, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների քննարկմանը: Սակայն նախագծի խնդրահարույց ձևակերպումների, ինչպես նաև ոչ ճիշտ ընկալման պատճառով նախագիծը հաջողություն չունեցավ: Դրանից հետո՝ 2014 թվականին Եվրասիա հիմնադրամի աջակցությամբ անկախ իրավապաշտպանների՝ իմ և Վահե Գրիգորյանի կողմից մշակվեց խտրականության դեմ պայքարի ոլորին վերաբերող համակարգված ուսումնասիրություն: Ուսումնասիրության նպատակն էր պարզելը, թե արդյոք անհրաժեշտ է նման օրենքի ընդունումը, մասնավորապես, արդյոք կան իրավական կառուցակարգեր, որոնց առկայության պայմաններում խտրականության արգելքի վերաբերյալ առանձին օրենքի ընդունումը նպատակահարմար կամ անհրաժեշտ չէ, քանի որ առկա կարգավորումները ամբողջությամբ կարող է փոխարինել այն կարգավորումները, որոնք առանձին օրենքով նախատեսվում է սահմանել։ Ուսումնասիրությունը պարզեց, որ առկա կառուցակարգերը չեն կարող ապահովել խտրականությունից պաշտպանվելու արդյունավետ համակարգ, քանի որ բազմաթիվ սկզբունքներ, չափանիշներ, չափորոշիչներ, նյութաիրավական հիմքեր, որոնք անհրաժեշտ են խտրականությունից պաշտպանվելու համար, առկա օրենքներում բացակայում են։ Այդ պատճառով ուսումնասիրության հիման վրա որոշվեց մշակել օրենքի նախագիծ՝ անկախ փորձագետների կողմից:
- Ի՞նչ հարցեր է կարգավորելու այդ նախագիծը և ի՞նչով է պայմանավորված այդպիսի նախագիծ ունենալու անհրաժեշտությունը:
– Նախագծի մշակումը կապված է հաշմանդամություն ունեցող քաղաքացիների, թոշակառուների, երեխաների, կանանց իրավունքների պաշտպանության անհրաժեշտության հետ: Դա նաև նախատեսված է Հայաստանի միջազգային պարտավորություններով, որի նպատակն է պաշտպանել այդ անձանց իրավունքները խախտումներից:
Այս առումով այն, ինչ հրապարակված է լրատվամիջոցներում իրականության հետ որևէ առնչություն չունի, և նպատակ ունի հեղինակազրկելու մեր կատարած աշխատանքը, ինչպես նաև վտանգում է իմ կողմից նշված՝ մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը:
- Ի՞նչ առնչություն ունի այս հարցերի հետ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը և ի՞նչու հենց այդտեղ պետք է ստեղծվի նոր մարմինը։
- Դեռևս 2012 թվականին Մարդու իրավունքների նախկին պաշտպանի կողմից նախաձեռնված նախագծում նախատեսվում էր, որ այդ մարմինը պետք է լինի հենց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում: Դրանով էր նաև պայմանավորված նոր նախագծի մշակման ընթացքում միջազգային կազմակերպությունների պահանջը այդ մարմինը ստեղծել հենց Օմբուդսմենի աշխատակազմում: Նույնիսկ քննարկումների ժամանակ էին առաջնահերթ պահանջ մեզ ներկայացնում, որ պարտադիր հաշվի առնենք նաև 2012 թվականի օրենքի նախագիծը, քանի որ այդտեղ արդեն նախատեսված էր Օմբուդսմենի աշխատակազմում այդ մարմնի ստեղծում: Ի դեպ, վերը նշված ուսումնասիրության մեջ մի առանձին բաժին հատկացված էր հենց այս հարցի ուսումնասիրությանը, ըստ որի անկախ հանձնաժողովի կամ կոլեգիալ մարմնի կողմից իշխանության իրականացումը չպետք է հակասի Սահմանադրության 2 հոդվածի 2-րդ մասի անփոփոխելի պահանջներին՝ իշխանության իրականացումը միայն Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց կողմից: Հետևաբար, եթե այդ մարմինը ստեղծվի պետական որևէ մարմնի կառույցում, կկորցնի անկախության իր հատկանիշը։ Ուստի, միակ հնարավոր տարբերակը, որը թույլ է տալիս Սահմանադրության 2-րդ հոդվածի 2-րդ մասը, դա Օմբուդսմենի կառույցի ներքո այդ կառույցի գոյությունն է՝ եթե, իհարկե, հասարակությունը ուզում է, որ դա լինի մի մարմին, որն իրականացնի իշխանություն։










