Լեռնային Ղարաբաղը հայկական տարածք է. իտալուհի լրագրող (տեսանյութ)
Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը և Radio3 Mondo ռադիոկայանի իտալուհի լրագրող Աննա Մացոնեի հետ` իտալական հանրային RAI 1-ի առավոտյան եթերում խոսել են ապրիլի 24-ի, Հայոց ցեղասպանության և այլ հարցերի մասին։
-Պարոն Ղազարյան, ի ՞նչ կատարվեց 1915թ.-ի ապրիլի 24-ին:
-Այդ օրը սկսվեց արդի ժամանակաշրջանի առաջին ցեղասպանությունը, որի ընթացքում Օսմանյան կայսրությունը ոչնչացրեց Անատոլիայի հայերի 3/4/-րդը, իր բնօրրանում, որտեղ ծնունդ էր առել և շուրջ 4000 տարի բարգավաճել հայկական քաղաքակրթությունը: Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, որը քանի դեռ ժխտվում է ոճրագործների ժառանգների կողմից, մնում է քաղաքական հարց:Սակայն մենք չենք սահմանափակվում պատմությունը միայն նկարագրելով, քանի որ կարևոր է ոչ թե նկարագիր հիշողությունը, այլ պարտադիր հիշողությունը՝ հետագա ցեղասպանությունները կանխարգելելու համար:
-Աննա, ինչպե՞ս է ստացվել, որ կան երկրներ, որոնք չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը:
-Երկիրը, որը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը և որն ահաբեկում է մնացած երկրներին, այդ ցեղասպանությունը չճանաչելու նպատակով, դա Թուրքիան է՝ Էրդողանի կառավարությունը, որը չի ցանկանում ընդունել երիտթուրքերի կատարած չարագործությունը, որոնք 1915 ոչնչացրեցին 1.5 միլիոն հայերի: Ակնհայտ է, որ Հայոց ցեղասպանությունը Էրդողանի մեղքը չէ, սակայն Թուրքիան մինչ օրս շարունակում է հերքել այն և գործնականորեն կողմն ագահություն է ցուցաբերում, ինչի մասին վկայում են Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական գլխատողների կողմից հայերի դեմ կատարված վերջին իրադարձություններն՝ այդպիսով շարունակելով պատմությունը:
-Պարոն Ղազարյան,այդ իրադարձությունների մասին խոսել է նաև հայտնի դերասան Ջորջ Քլունին, այդպես չէ՞:
-Մեր հանձնառությունն է, մեր պարտքն է խորապես շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր 101 տարի առաջ կատարված ցեղասպանության ժամանակ, իրենց կյանքը և ազատությունը վտանգելով, փրկել են բազմաթիվ հայերի: Մենք բոլորս անելիք ունենք քանի դեռ ցեղասպանությունները և մարդկության դեմ ոճիրները մեր ներկա ժամանակագրությանն են պատկանում,այլ ոչ միայն պատմությանը:
-Աննա, ի՞նչ է տեղի ունենում Լեռնային Ղարաբաղում:
-Ադրբեջանի և քրիստոնյաներով բնակեցված փոքրիկ երկիր՝ Լեռնային Ղարաբաղի միջև պատերազմ է: Լեռնային Ղարաբաղը քրիստոնյա հայկական տարածք է: Դեռևս Հերոդոտն էր պատմում Արցախի հայկական ինքնության մասին: Ադրբեջանը վերջերս խախտել է ավելի քան 20 տարի տևած հրադադարը,որի արդյունքում մոտ 200 մարդ է զոհվել: Արձանագրվել են ադրբեջանցիների կողմից հայերի գլխատման դեպքեր: Թուրքիան բացահայտորեն աջակցում է Ադրբեջանին Հայաստանի դեմ պատերազմում՝ հայտնելով, որ կգնա Ադրբեջանի հետ մինչև վերջ: Դա Հայոց հարցի վերջնական լուծո՞ւմն է:
-Դեսպան Ղազարյան, արդյո՞ք կա լուծում այս հարցին:
-Մենք հույս ունենք, որ կգտնվի լուծում: Մոտ 25 տարի բանակցություններ են վարվում: Կա առաջարկված փաստաթուղթ, որի մասնակիցն է նաև Հայաստանը:Միջազգային հանրությունը հորդորում է Ադրբեջանին վերադառնալ բանակցությունների սեղանին: Ցավոք, այս պահին, մինչ խոսում ենք, Ադրբեջանը ծանր հրետանի է օգտագործում խաղաղ բնակիչների դեմ, ինչը հանդիսանում է Ժնևյան կոնվենցիայի կոպիտ խախտում՝ պատերազմի ոճիր:










