ԿՀՎ-ին քննադատել են Բեն Լադենի ոչնչացման գործողության «թվիթ-հեռարձակման» համար

11:51 • 02.05.16

Սոցիալական ցանցերի օգտատերերը քննադատել են ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությանը Twitter սոցցանցում «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Ուսամա բեն Լադենի ոչնչացման գործողությունը «վերապատմելու» համար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

 

«Նշելով Աբոտաբադում Ուսամա բեն Լադենի ոչնչացման գործողության հինգերորդ տարին՝ մենք գործողության ընթացքի մասին կհայտնենք թվիթների միջոցով՝ ասես դա այսօր է տեղի ունենում»,- Twitter-ում գրել են ԿՀՎ-ի աշխատակիցները։

 

Այնուհետև գերատեսչությունը մի քանի ժամ իր միկրոբլոգում տեղադրել է գործողության րոպեական տեղեկությունները, ինչպես նաև լուսանկարներ, թե ինչպես են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և այլ պաշտոնատար անձինք հետևում Բեն Լադենին բռնելու գործողությանը։

 

Twitter-ի օգտատերերը, սակայն, չեն գնահատել ԿՀՎ-ի գաղափարը՝ հինգ տարվա վաղեմության իրադարձությունների թվիթ-հեռարձակումն անվանելով «հիմարություն» և խորհուրդ տալով գերատեսչությանն աշխատանքից հեռացնել սոցիալական ցանցերով զբաղվող թիմին։

 

Ուսամա բեն Լադենը սպանվել է ԱՄՆ ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանման կողմից Պակիստանի Աբոտաբադ քաղաքի ծայրամասում 2011 թվականի լույս մայիսի 2-ին։ Դրանից հետո, ըստ հաղորդման, «Ալ-Քաիդայի» առաջնորդի մարմինը խիստ գաղտնիության պայմաններում նետվել է ծովը։

 

ԿՀՎ-ին քննադատել են Բեն Լադենի ոչնչացման գործողության «թվիթ-հեռարձակման» համար