Ֆրանսիական իշխանությունները մայիսմեկյան ցույցերի ժամանակ 18 մարդու են ձերբակալել
Ֆրանսիայում իրավապահները 18 մարդու են ձերբակալել Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվան նվիրված ցույցերի ժամանակ։ Միջոցառումը հիմնականում «խաղաղ բնույթ» է կրել, հայտնել է ՆԳՆ ղեկավար Բեռնար Կազնովը, փոխանցում է РИА Новости-ն:
«Ընդհանուր 18 մարդ է ձերբակալվել Փարիզում և նահանգում: Ինչպես և բոլորը, ովքեր խախտել են օրենքը, նրանք պետք է պատասխան տան դատարանում իրենց գործողությունների համար»,- ասվում է Կազնովի հայտարարությունում:
Ընդ որում՝ 2 մարդ Փարիզում ստացել է թեթև վնասվածք, նրանցից մեկը ցուցարար է, մյուսը` ոստիկան:
Աշխատանքի միջազգային օրն ամբողջ Ֆրանսիայում անցկացվել է 281 ցույց։ Օրվա 2-րդ կեսին Փարիզում բախումներ են սկսվել ոստիկանության և ագրեսիվ տրամադրված երիտասարդների միջև: Երիտասարդներն իրավապահ մարմինների աշխատակիցների վրա սկսել են աղբ և շշեր նետել:
Փարիզի ոստիկանությունից Միշել Կադոն հայտնել է, որ ցույցերը մայրաքաղաքում ավարտվել են երեկոյան՝ այն բանից հետո, երբ ցույցի մասնակիցների ցրման համար ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել։










