Աշխատանքներ են իրականացվում Հալեպում հրադադարի ռեժիմի վերականգնման համար. Քերի
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի հետ Ժնևում կայացած հանդիպումից հետո հայտարարել է, որ հրադադարի ռեժիմը սիրիացիների համար դրական ազդեցություն է ունեցել, սակայն վերջին շրջանում այն փորձությունների է ենթարկվում, գրում է РИА Новости գործակալությունը։
«Մենք դե Միստուրայի հետ քննարկել ենք քաղաքական գործընթացի վերածնունդը։ Ճգնաժամը դուրս է եկել վերահսկողությունից ու անհանգստացնում է բոլորին։ Հրադադարի ռեժիմի պահպանումը, որը մենք կարողացել էինք սկսել ավելի վաղ, քաղաքական խոր ազդեցություն է ունեցել սիրիացիների վրա»,-ասել է Քերին։
Նա հավելել է, որ Սիրիայի մեծ մասում կրճատվել են բռնությունները, և կազմակերպություններին հաջողվել է օգնություն հասցնել կարիքավորներին։
«Փաստ է, որ վերջին շաբաթում հրադադարի ռեժիմը փորձության է ենթարկվել...Այնպես որ մենք բոլորս, Սիրիայի աջակցության խմբի բոլոր մասնակիցները՝ ներառյալ Ռուսաստանը, փորձում նք հասնել հրադադարի պահպանմանը հատկապես այն վայրերում, որոնք ամենաշատն են տուժել։ Հատկապես վերջին ժամերի ընթացքում մենք կարողացել ենք հրադադարի հասնել Լաթաքիայում։ Իսկ այժմ մնացած շրջաններում՝ հատկապես Հալեպում հրադադարի վերականգնման համար ենք աշխատում»,-ասել է Քերին։
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նաև հայտարարել է, թե հույս ունի հեռախոսազրույց ունենալ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ՝ քննարկելու Սիրիայում հրադադարի ռեժիմը։










