ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ նոր «սառը պատերազմ» չեն ցանկանում
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Die Welt-ին տված հարցազրույցում հայտնել է, որ դաշինքը չի ցանկանում սպառազինության մրցավազքի մեջ մտնել ու կրկնել «սառը պատերազմը», գրում է Meduza-ն։
Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ն ամրապնդում է իր դիրքերը Ռուսաստանի հետ սահմաններին՝ ի պատասխան Ղրիմի միացման և Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող գործողությունների։
Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի զորակազմի մեծացումը Մերձբալթյան երկրներում ու Լեհաստանում չի հակասում Ռուսաստանի հետ 1997 թվականին կնքված համաձայնագրին, քանի որ զորքերը մշտական հիմքով չեն տեղակայվում։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ դաշինքը պլանավորում է շարունակել քաղաքական երկխոսությունը, քանի դեռ դա հնարավոր է։
«Մենք Ռուսաստանի հետ առճակատում չենք փնտրում։ Մենք «սառը պատերազմ» չենք ցանկանում։ Մենք սպառազինության մրցավազք չենք ուզում։ Մենք մեր գործողություններով պատասխանում ենք Ղրիմի անեքսիային և Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրավիճակի ապակայունացմանը»,-ասել է նա։
Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բրիդլավն ավելի վաղ ԱՄՆ-ին կոչ էր արել ուժեղացնել հետախուզական ծառայությունների աշխատանքը՝ պայմանավորված «Մոսկվայի ռազմական ուժի աճով»։










