Բրյուսովի անվան ԵՊԼՀ-ից հեռացված ուսանողուհու մայրը պայքարելու է իր երեխայի իրավունքների համար

16:47 • 03.05.16

 

Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողուհի Լիանա Դավթյանի մայրը պատրաստվում է դիմել բոլոր ատյաններին իր երեխայի ոտնահարված իրավունքները վերականգնելու համար։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Լիանայի մայրը՝ Մարգարիտ Դավթյանը։ Վերջինս փոխանցեց, որ Օտար լեզուների ֆակուլտետի` երրորդ կուրսի, ֆրանսիական բաժնում սովորող իր դուստր Լիանա Դավթյանն ապօրինաբար, առանց որևէ ծանուցման հեռացվել է համալսարանից։
 

«Մինչև Եվրոպական դատարան հասնելու եմ, իմ աղջիկը եղել է լավագույն ուսանողուհին և նրան անարդարացիորեն հեռացրել են ԲՈՒՀ-ից։ Աղջիկս մարտի 20-ին գնացել է Ֆրանսիայի Մարսել քաղաք՝ կամավոր հիմունքով վերապատրաստման համար։ Երեխուս մեկնելուց հետո, ինձ զանգահարում են, կանչում ԲՈՒՀ։ Գնալով այնտեղ՝ պրոռեկտորը և դեկանն ինձ ասեցին, որ երեխուս կողմից ներկայացված տեղեկանքը լրացված է եղել ներքին կանոնակարգի խախտումներով և օրենքի ուժ չունի»,- ասաց Դավթյանը։ Վերջինս ներկայացրեց, որ իրեն անհասկանալի պատճառներով է ԲՈՒՀ-ը ցանկանում ավարտական 3-րդ կուրսի շեմին գտնվող իր աղջկա հետ նման խնդիրներ ստեղծում։ «Ես պայքարելու եմ մինչև վերջ, ինչո՞ւ պետք է իմ աղջիկն անարդարացիորեն դուրս մնա համալսարանից, ինչո՞ւ մեկ ուսումնական տարի կորցնի, ինչո՞ւ ես պետք է մեկ տարվա վարձ տամ»,-ասաց Դավթյանի մայրը։
 

Լիանա Դավթյանը երեկ բաց նամակով դիմել էր ԵՊԼՀ ռեկտորին, որում հայտնել է, որ ֆրանսերենի ամբիոնի վարիչ, բ.գ.թ. դոցենտ Ն.Մանուկյանի հետ գնացել է դեկանատ, որտեղ պատմվել է «Ֆրանսիահայ Երիտասարդաց միության» (J.A.F) կողմից ուղարկված հրավերի մասին, թարգմանվել է այն, արդյունքում քաջատեղյակ լինելով, որ համագործակցության ոչ մի պայմանագիր չկա։ «Տրվել է ինձ տեղեկանք, որ հանդիսանում եմ ԵՊԼՀ-ի ՕԼ ֆակուլտետի` երրորդ կուրսի, ֆրանսիական բաժնի ուսանողուհի, ինչպես նաև երրորդ կուրսի երկրորդ կիսամյակի քննություններս տեղափոխվում են սեպտեմբերի առաջին երկու շաբաթ: Ցանկանում եմ տեղյակ պահել, որ ԵՊԼՀ դեկան տիկին Իռեն Մադոյանը տեղյակ է եղել տրված տեղեկանքից, որը ստորագրվել է ՕԼՖ դեկանի տեղակալ ավագ դասախոս` Ս. Բաբայանի կողմից, Ի. Մադոյանի ստորագրությամբ, քանի որ դեկանը բացակա է եղել»,-գրել է ուսանողուհին։
 

Համալսարանն, արձագանքելով բաց նամակին, հայտնել է հետևյալը. «Լ. Դավթյանը՝ ըստ համալսարանում գործող կարգի, դիմում չի ներկայացրել ռեկտորի անունով և, բնականաբար, հարցը չի քննարկվել ռեկտորատի նիստին, որի արդյունքում քննաշրջանը տեղափոխելու վերաբերյալ բուհը որևէ որոշում չի կայացրել:

Ինչ վերաբերում է ծնողի կողմից հիշատակվող տեղեկանքին, ապա հարկ է նշել, որ համապատասխան տեղեկանքներ տրամադրելու իրավասություն ունեցող բուհի որևէ պաշտոնատար անձ /ռեկտոր, պրոռեկտոր Tert.am/ նման փաստաթուղթ չի ստորագրել»։

Բրյուսովի անվան ԵՊԼՀ-ից հեռացված ուսանողուհու մայրը պայքարելու է իր երեխայի իրավունքների համար