Չինաստանը պատասխանել է Օբամայի՝ ԱՄՆ-ի կողմից աշխարհին խաղի կանոններ թելադրելու խոսքերին

16:36 • 03.05.16

Միջազգային առևտրի կանոնները պետք է սահմանվեն ամբողջ աշխարհի կողմից, այլ ոչ թե թելադրվեն որևէ մի երկրի կողմից, ասել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուն Լեյը՝ պատասխանելով ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հայտարարությանն առ այն, որ Միացյալ Նահանգները պետք է սահմանի միջազգային առևտրային կանոններն ու թելադրի դրանք այլ երկրների։

 

«ԱՄՆ-ն շատ հավակնոտ է, եթե նման հայտարարությամբ է հանդես գալիս։ Սակայն կարծում եմ, որ նրանք հաշվի չեն առնում հետագա զարգացումները»,- մեջբերում է ria.ru-ն չինացի պաշտոնյայի խոսքերը։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Тert.am-ը, Օբաման The Washinghton Post պարբերականի համար գրած հոդվածում նշել է, որ ամերիկյան արտադրանքն արտասահմանյան շուկա հանելու համար շահավետ պայմաններ ապահովող միջազգային առևտրային համաձայնագրերի առաջխաղացումն անչափ կարևոր է:

 

«Ամերիկան պետք է օրենքներ թելադրողը լինի, իսկ մյուս երկրները պետք է խաղան այն կանոններով, որոնք սահմանում են ԱՄՆ-ն ու մեր դաշնակիցները։ Հակառակը չպետք է տեղի ունենա»,-նշել է Օբաման:

 

Նախագահը, մասնավորապես, անդրադարձել է ներկայում ձևավորվող Տրանս-խաղաղօվկիանոսյան գործընկերության նախագծին` ընդգծելով, որ այն բխում է ԱՄՆ-ի շահերից, զգալի առավելություն կտա երկրին` Չինաստանի հետ մրցակցությունում, ինչպես նաև կնպաստի ԱՄՆ-ի անվտանգության ամրապնդմանը:


«Տրանս-խաղաղօվկիանոսյան գործընկերությունն ապացուցում է, որ հենց ԱՄՆ-ն է գրում 21-րդ դարում առևտրի իրականացման համար «ճանապարհային քարտեզի կանոնները»: Աշխարհը փոխվել է` իր հետ մեկտեղ փոխելով նաև կանոնները։ Եվ Միացյալ Նահանգները, այլ ոչ թե Չինաստանի պես երկրները, պետք է սահմանեն այդ կանոնները»,-ասել է Օբաման:


Աղբյուրը մանրամասնում է, որ իր մեջ ավելի քան մեկ տասնյակ երկիր՝ ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա, Պերու, Չիլի, Մալայզիա, Բրունեյ, Սինգապուր, Վիետնամ և այլն, ներառող համագործակցության շրջանակում ստեղծվելու է ազատ առևտրի գոտի։
 

 

Չինաստանը պատասխանել է Օբամայի՝ ԱՄՆ-ի կողմից աշխարհին խաղի կանոններ թելադրելու խոսքերին