BBC-ին հայտնի է դարձել Թուրքիայի հետ վիզային ռեժիմը չեղարկելու Եվրահանձնաժողովի պատրաստակամության մասին
Եվրահանձնաժողովը մայիսի 4-ին պետք է պայմանական հավանություն տա Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմին։ Սակայն, ինչպես նշել են BBC-ի աղբյուրները, եթե Շենգենի վերաբերյալ դրական եզրակացությունը հրապարակվի էլ, ապա «փակ քթով և պահած շնչով»։
Վիզայի ազատականացումը գործարքի մաս է կազմում, որով ԵՄ անդամ երկրների առաջնորդները և Թուրքիայի վարչապետը պայմանավորվել են վերադարձնել Թուրքիայով Հունաստան ժամանած բոլոր անօրինական ներգաղթյալներին։ Առանց վիզայի ռեժիմից բացի՝ Անկարան կստանա նաև 3 միլիարդ եվրո, ինչպես նաև ԵՄ-ն Թուրքիայից կընդունի սիրիացի փախստականների:
Ընդհանուր առմամբ, Թուրքիան վիզաների վերացման համար պետք է կատարի Եվրամիության 72 կետանոց պահանջները, ընդ որում՝ ապրիլի կեսին Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը հայտնել էր Անկարայի կողմից պահանջների կեսից քիչը կատարելու մասին։ Թուրքիայի համար առավել խնդրահարույց են խոսքի ազատության և արդար դատավարության վերաբերյալ Եվրամիության պահանջները: Բացի այդ, Եվրամիությունը պահանջում է վերանայել ահաբեկչության մասին թուրքական օրենքները՝ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության համար:
BBC-ն պնդում է, որ այդ պահանջների կատարումը քիչ հավանական է, Թուրքիայի իշխանությունները քննադատների հետ վարվում են բռնակալական, այլ ոչ ժողովրդավարական ձևով, սակայն այս «հուսահատ ժամանակներում ԵՄ երկրները հանրության հսկայական ճնշման տակ են, որը պահանջում է լուծել միգրացիոն ճգնաժամը»։










