Հաքերները կոտրել են mail.ru-ի և Google-ի միլիոնավոր հաշիվներ. Reuters

18:16 • 04.05.16

Էլեկտրոնային մեյլերի և այլ կայքերի հարյուր միլիոնավոր լոգիններ և գաղտնաբառեր վաճառվում են Ռուսաստանի հանցավոր աշխարհում: Այդ մասին  Reuters գործակալությանը հայտնել է ժամանակին Adobe ընկերության և JPMorgan բանկի վրա իրականացված հարձակումներն առաջինը հայտնաբերած անվտանգության փորձագետ Ալեքս Հոլդենը:


Հոլդենը հայտնել է, որ հաքերները խոշոր կիբերհարձակում են գործել, ինչի հետևանքով ստացել են 272 միլիոն հաշվի լոգին և գաղտնաբառ:


Հոլդենի պնդմամբ՝ ամենաշատը հարձակումից տուժել է mail.ru փոստային ծառայությունը, բացի այդ կոտրվել են նաև Google-ի, Yahoo-ի և Microsoft-ի հաշիվներ:


Hold Security ընկերությունը ֆորումներից մեկում գտել է ռուս հաքերի, ով պարծեցել է գողացված տվյալներով: Անհայտ անձը պնդել է, որ նա կարողացել է ձեռք բերել 1,17 միլիարդ հաշիվ:


Ընկերության մասնագետները հեռացրել են կրկնվող տվյալները և պարզել են, որ տվյալների մեծ մասը կազմված է եղել mail.ru-ի հաշիվներից (մոտ 57 միլիոն), հաքերների տրամադրության տակ է եղել նաև Yahoo-ի 40 միլիոն հաշիվ, Hotmail-ի 33 միլիոն հաշիվ, Google ընկերության Gmail փոստային ծառայության 24 միլիոն հաշիվ:


Mail.ru-ում հայտարարել են, որ այժմ ստուգում են բոլոր լոգին-գաղտնաբառերը: Microsoft-ը պնդում է, որ լոգին-գաղտնաբառերի մասին տեղեկությունը բավարար չի լինի փոստը կոտրելու համար, քանի որ ընկերությունն ունի անձնական տվյալների պաշտպանության լրացուցիչ մակարդակ: Yahoo-ն և Google-ը չեն մեկնաբանել իրավիճակը:

 

Հաքերները կոտրել են mail.ru-ի և Google-ի միլիոնավոր հաշիվներ. Reuters