Ձերբակալված անձը վաղուց է աչքի ընկել անպարկեշտ ու անբարո գործունեությամբ. Տիգրան Ուրիխանյանը՝ «Analitik.am» կայքի սեփականատիրոջ մասին

19:09 • 04.05.16

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է «Analitik.am» կայքի  սեփականատեր Ա. Հովհաննիսյանի  ձերբակալության և հարուցված  քրեական գործի վերաբերյալ։

 

Հայտարարության մեջ նշվում է.«Երեկ տեղի ունեցած  «Analitik.am» կայքի  սեփականատեր Ա. Հովհաննիսյանի  ձերբակալության և հարուցված  քրեական գործի վերաբերյալ  տեղեկացնում ենք, որ «Ալյանս» կուսակցության  նախագահ, ՀՀ ԱԺ  պատգամավոր Տ. Ուրիխանյանը բարձր է գնահատում իրավապահ  մարմինների կողմից դրսևորված պրոֆեսիոնալիզմն  ու ադեկվատ  արձագանքը: Տեղի ունեցած օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու առկա փաստական  հանգամանքները  բավարար  են  եզրակացության համար: Պատգամավոր Ուրիխանյանը  համոզված է, որ, առհասարակ, ցանկացած  հանցագործ պիտի կրի օրենքով սահմանված պատիժը, իսկ ցանկացած անմեղ  մարդ պետք  է  օգտվի  իր  իրավունքների  պաշտպանությունից: Այս գաղափարին է հավատում  Տ.Ուրիխանյանը, դրա կրողն է, և այդպիսի պետություն է նա ցանկանում կառուցել: Ձերբակալված անձը  վաղուց է աչքի ընկել անպարկեշտ ու անբարո գործունեությամբ, և դրա մասին այսօր մամուլում հայտարարում  և համացանցում գրում են բազմաթիվ հեղինակավոր գործիչներ: Անշուշտ, հիշյալ անձի արարքները կարելի էր արհամարհել, եթե չնկատվեր նրա սանձարձակ  հանդգնությունն  ու  հղումով  ազդեցիկ  հովանավորների վրա  անպատժելիության զգացումը: Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ պատգամավոր Ուրիխանյանի կենսագրությունը մաքուր է, և նա այն անձը չէ, ում կարելի է փորձել շորթել, սակայն պատգամավորը, գիտակցելով, որ  սանձարձակ անձնավորությունը իգական սեռի է, և հուսալով, որ նա  կարող է երբևէ դարձի գալ ու  ապրել բարոյական կյանքով, չի պատրաստվում  ցուցմունքներ տալ  նրա դեմ, առավել ևս նրա օգնականի դեմ, որն իր հերթին, վստահ ենք` Անի Հովհաննիսյանի «քաշվածն է»: Թող օրենքը որոշի հետագա ընթացքը»:


Հիշեցնենք, որ այսօր շորթման կասկածանքով ձերբակալվել են Analitik.am կայքի տնօրենն ու օգնականը


Հիշեցնենք նաև, որ պատգամավորը, ումից գումար շորթելու կասկածանքով ձերբակալվել են Analitik.am կայքի տնօրենն ու օգնականը, Տիգրան Ուրիխանյանն է։